News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, կապված քաղաքական ուժերի կողմից ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ստեղծելու հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Երեկ տեղի ունեցավ կարեւոր մի իրադարձություն` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում եմ, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ինը քաղաքական ուժերից ընդամենը չորսի կողմից:

Հիշեցնեմ, որ ՀՀԿ-ն լավ ընտրությունների անցկացման համապարփակ ծրագրով հանդես էր եկել շատ ավելի վաղ, եւ այդ ծրագիրը պարունակում էր ոչ միայն գործընթացի հանրային վերահսկողությունը, այլ հարցերի շատ մեծ շրջանակ: Այսօր խնդիրն ամենեւին էլ այս կամ այն ուժի «հեղինակային իրավունքի» մասին չէ, այլ էության: Մեր կարծիքով մասնակից կուսակցությունները պետք է առաջին հերթին սահմանեն ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Կանոններ, որոնք ստանձնվում են կամավոր: Կանոններ, որոնց պահպանումը մասնակից կուսակցությունների կողմից ի վերջո կհանգեցնի քաղաքական միջավայրի փոփոխության: Կանոններ, որոնց անվերապահ կիրառումը թույլ կտա հասնել այն իրավիճակի, երբ մասնակիցները կշնորհավորեն միմյանց ընտրությունների արդյունքերով անկախ իրենց ստացած ձայների թվից:

Եկե՜ք մեկ անգամ այլ կերպ վարվենք: Եկե՜ք բոլորս միասին կանգնենք մեջք մեջքի լավ ընտրությունների անցկացման հարցում ու իրականացնենք նման ընտրություններ: Եկե՜ք կարեւոր այս գործընթացը չդարձնենք «փիառ» ակցիա, այլ ներգրավենք իսկապես բոլորին, պայմանավորվենք բոլոր հարցերի շուրջ մեկ փաթեթով, պայմանավորվենք թե՜ ընտրությունների հանրային վերահսկողության մեխանիզմների, թե՜ ընտրությունների ընթացքում յուրաքանչյուրիս վարքականոնների, թե՜ փոխադարձ հարգանքի եւ թե՜ արդար մրցակցության ապահովման շուրջ: Պայմանավորվե՜նք, միասին էլ իրականացնենք. բոլոր ութ կուսակցություններով ու մեկ դաշինքով:

Սա է իրական ժողովրդավարության ճանապարհը:

Իսկ շտաբի ձեւավորումը ընդամենը մեխանիզմներից մեկն է, որը թույլ կտա փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկել բոլոր ծագած հարցերը:

Հասկանալով այդ հրամայականը` ես մեր կուսակցության անունից առաջարկում եմ, որպեսզի ընտրական գործընթացի բոլոր անմիջական մասնակիցները քննարկեն մեր կողմից մշակված կանոնների նախագիծը, որպեսզի հենց վաղը եւեթ ձեռնամուխ լինենք այդ կանոնների ամբողջականացմանը: Վստահ եմ, որ մեր առաջարկությունը պատշաճ արձագանք կստանա»:

Նախագիծ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ

Սույն կանոնները կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով:

1. Ընտրական գործընթացի մասնակիցը

Սույն Կանոններում «ընտրական գործընթացի մասնակից» են հանդիսանում`

ա) սույն Կանոններն ընդունած եւ ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, հասարակական շարժումներն ու հասարակական կազմակերպությունները,

բ) նախորդ կետում թվարկված կազմավորումների անդամները, պատասխանատուները, վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովներում նրանց ներկայացուցիչները, նրանց կողմից առաջադրված թեկնածուները, վերջիններիս վստահված անձինք,

գ) սույն Կանոններն ընդունած մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, նրանց վստահված անձինք:

2. Իշխանության լեգիտիմության հիմքերը

Ժողովրդավարական բազմակուսակցական ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանության լեգիտիմության հիմքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին, այլ օրենքներին եւ ընտրական օրենսդրությանը համապատասխան իրականացված ընտրություններն են, որի ընթացքում մասնավորապես`

ա) ընտրողները հնարավորություն են ունենում անարգել տեղեկանալ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների ծրագրերին ու դիրքորոշումներին եւ ազատորեն կատարել իրենց ընտրությունը,

բ) ընտրողները քվեարկում են ազատորեն, առանց վախի, առանց միջամտության կամ նրանց ազատ կամքի արտահայտման վրա ցանկացած այլ ոչ օրինական ներգործության:

3. Կանոնների պահպանումը

3.1. Ընտրական գործընթացի մասնակիցները պարտավորվում են բարեխղճորեն պահպանել սույն Կանոնները` նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի Հանրապետության հասարակության, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների եւ միջազգային հանրության կողմից ընտրություններն ազատ եւ արդար ճանաչելուն:

3.2. Քաղաքական գործընթացի մասնակիցը`

ա) իր գործունեությունն իրականացնում է սույն Կանոններին համապատասխան,

բ) պետք է ձեռնարկի գործուն քայլեր ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատական մակարդակով` ուղղված Կանոնների պահպանմանը,

գ) պետք է ձեռնարկի ողջամիտ միջոցներ` կանխելու ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցների այն գործողությունները, որոնք ընտրական գործընթացի մասնակցի կողմից կատարվելու դեպքում կորակվեին որպես Կանոնների խախտում,

դ) չպետք է չարաշահի Կանոնների խախտումների վերաբերյալ բողոքներ ներկայացնելը, օրինակ` ներկայացնելով անհիմն կամ ոչ էական բողոքներ:

3.3. Սույն Կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակից կազմավորման ղեկավարը (ղեկավար մարմինը) պարտավոր է`

ա) հանձնարարել տվյալ կազմավորման բոլոր անդամներին, պաշտոնյաներին, թեկնածուներին, հորդորել ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցներին` պահպանելու նշված Կանոնները,

բ) Կանոնների խախտման դեպքում գործադրել կազմավորման կարգապահական ներգործության միջոցներ:

4. Քարոզարշավը

Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`

ա) հարգել ընտրական գործընթացի մյուս մասնակիցների` իրենց գաղափարները, տեսակետներն ու սկզբունքներն անկաշկանդ տարածելու իրավունքը,

բ) չխանգարել կամ չխափանել ընտրական գործընթացի այլ մասնակիցների նախընտրական քարոզարշավը, մասնավորապես` չխոչընդոտել նրանց քարոզչական տպագիր նյութերի Օրենքով սահմանված կարգով տարածմանը եւ պաստառների` Օրենքով սահմանված կարգով տեղադրմանը, չփչացնել կամ չոչնչացնել դրանք, չտարածել կեղծ կամ անանուն նյութեր,

գ) հարգել մամուլի ազատությունը, մասնավորապես` չխոչընդոտել լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը,

դ) չխոչընդոտել ընտրական գործընթացի այլ մասնակիցների կողմից երթերի, ցույցերի կամ հանրահավաքների իրականացմանը, մասնավորապես` չխոչընդոտել քաղաքացիների մասնակցությանը ընտրական գործընթացի այլ մասնակիցների երթերին, ցույցերին կամ հանրահավաքներին:

5. Ընտրական հանձնաժողովներ, դիտորդներ, վստահված անձինք

Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`

ա) համագործակցել ընտրական հանձնաժողովների հետ՝ իր կողմից նշանակված անդամների եւ իր վստահված անձանց միջոցով, ապահովել քվեարկության կանոնավոր անցկացումը խաղաղ մթնոլորտում, ինչպես նաեւ ընտրողների լիիրավ ազատությունն իրենց ընտրական իրավունքն առանց խոչընդոտների իրականացնելու համար:

բ) չմիջամտել ընտրական հանձնաժողովների` իր կողմից նշանակված անդամների պարտականությունների կատարմանը,

գ) չխոչընդոտել ընտրական հանձնաժողովների անդամների եւ ընտրական գործընթացի այլ մասնակիցների վստահված անձանց պարտականությունների կատարմանը,

դ) չվտանգել ընտրական հանձնաժողովների անդամների անվտանգությունը քվեարկությունից առաջ, դրա ընթացքում եւ դրանից հետո,

ե) համագործակցել հավատարմագրված դիտորդների հետ:

6. Ընտրական գործընթացի մասնակցի պահվածքը եւ խոսքը

6.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`

ա) նպաստել նախընտրական քարոզարշավի, քվեարկության, ընտրությունների արդյունքների ամփոփման եւ հետընտրական շրջանում խաղաղ մթնոլորտի ապահովմանը,

բ) գործել իր դիրքին վայել պատասխանատվության զգացումով,

գ) բանավոր կամ գրավոր խոսքում չօգտագործել այնպիսի բառապաշար, խոսք կամ պատկերներ, որոնք`

 - սադրիչ կամ զրպարտիչ են,

 - ուղղակի կամ անուղղակի բռնության սպառնալիք են հանդիսանում կամ բռնություն են հրահրում այլոց դեմ,

- պարունակում են անձնական վիրավորանք:

6.2. Ընտրական գործընթացի մասնակիցը իր խոսքով եւ գործով անվերապահորեն մերժում է ահաբեկման ցանկացած դրսեւորում եւ պարտավորվում է քաղաքակիրթ վերաբերմունք դրսեւորել ընտրական գործընթացի այլ մասնակիցների, վերջիններիս կողմնակիցների, նրանց ինստիտուցիոնալ եւ անհատական գույքի նկատմամբ:

7. Դիրքի չարաշահում

Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`

ա) չչարաշահել իր իշխանությունը կամ ազդեցությունը քաղաքական նպատակներով,

բ) չօգտագործել ի պաշտոնե իր տրամադրության տակ առկա հանրային (վարչական) ռեսուրսները նախընտրական նպատակներով (բացի օրենքով նախատեսված դեպքերից):

8. Քաղաքական կոռուպցիա

Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է զերծ մնալ հետեւյալ գործողությունները իրականացնելուց`

ա) որեւէ մեկին պարտադրել հրաժարվել կամ չհրաժարվել թեկնածությունից,

բ) որեւէ եղանակով պարտադրել մարդկանց քվեարկելու որեւէ կուսակցության կամ թեկնածուի օգտին կամ դեմ կամ ձեռնպահ մնալ քվեարկությունից:

9. Քաղաքական շփումներ

Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում փոխադարձ հարգանքի ու տարակարծությունը հանդուրժելու մթնոլորտում ուղղակի շփումներ եւ երկխոսություն իրականացնելու համար:

10. Բողոքարկում եւ ընտրությունների արդյունքների ճանաչում

10.1. Ընտրական վեճերի արդարացի լուծման նպատակով ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ բողոքները ներկայացնել օրենքով նախատեսված մարմիններին եւ հետամուտ լինել այդ բողոքների բազմակողմանի քննարկմանը,

10.2. Սույն կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակիցների կողմից` դրանք պահպանելու պայմաններում, ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընդունել ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքները կարող են ընդունվել վերապահումներով այն դեպքերում, երբ արձանագրվել են սույն կանոնները չպահպանելու կամ դրանք խախտելու փաստեր, որոնք որոշիչ ազդեցություն չեն թողել ընտրությունների վերջնական արդյունքների վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ