News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող Մարաղա գյուղի` ադրբեջանական զինված ուժերի կողմից կազմակերպված կոտորածի 19-ամյա տարելիցի կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը այցելել է Իռա Աղաջանյանին: Լեռնային Ղարաբաղի հանրապետության` ներկայումս Ադրբեջանի կողմից օկուպացված Մարաղա գյուղի նախկին բնակիչը սարսափով է հիշում ողբերգական իրադարձությունները, որի հետեւանքով կորցրել է իր 12 հարազատներին: 

«Մարաղայում ապրիլի 10-ին տեղի ունեցած կոտորածից հետո հասկացանք, որ գյուղում մնալ այլեւս հնարավոր չէ. մենք հրաշքով ենք փրկվել: Ամուսինս մնաց կռվելու, իսկ ես հինգ անչափահաս երեխաներիս հետ սկսեցի ուղիներ փնտրել Հայաստան տեղափոխվելու համար»,-պատմում է Իռա Աղաջանյանը:

Տիկին Իռան հանգամանալից հիշում է, թե ինչպես իր դուստրերի` 12-ամյա Ջեմմայի, 10-ամյա Քրիստինեի, 5-ամյա Նանեի, 1 տարեկան զույգ որդիների, քրոջ, նրա փոքրահասակ որդու, հարեւանուհու եւ նրա չորս անչափահաս երեխաների հետ ամիսներ շարունակ եղել է ճանապարհներին, փորձել ելքի ուղիներ գտնել`ռազմական գործողությունների գոտուց դուրս գալու եւ երեխաներին փրկելու համար:

1992 թվականի հունիսին նա հասել է Հայաստան եւ բնակություն հաստատել Աբովյան քաղաքում`ամուսնու քրոջ բնակարանում: Տիկին Իռայի ամուսնուն` Ֆելիքսին, 1992 թ.-ի վերջին ռազմաճակատից Երեւան են տեղափոխել վիրավոր, որոշ ժամանակ ապաքինվելուց հետո, նա կրկին ուղեւորվել է ռազմաճակատ: 

Տիկին Իռան սարսափով է հիշում ադրբեջանցիների կողմից գազանաբար սպանված իր հարազատներին. հորեղբոր կնոջը այրել են գյուղի ակումբում, հորեղբոր որդիներից մեկին մահու չափ ծեծել են, իսկ մյուս որդուն կապկպել եւ նետել գնացքի տակ: Մարաղայի ողբերգական իրադարձությունների պատճառով սպանվել են տիկին Իռայի մորաքրոջ աղջիկը, նրա ընտանիքների անդամները:

Մարաղայի նախկին բնակիչը նշում է, որ մինչեւ ապրիլ, թեեւ կրակոցներ էին հնչում, իրենք չէին ցանկանում լքել գյուղը, կարծում էին, որ կարող են դիմակայել: Սակայն ապրիլի 10-ի կոտորածը`ադրբեջանական դաժանության հերթական դրսեւորումը, հարկադրեց նրանց վերջնականապես հեռանալ հարազատ գյուղից, որը մինչ օրս օկուպացված է Ադրբեջանի կողմից: Այդուհանդերձ, Մարաղայի նախկին բնակիչը չի մոռացել հարազատ գյուղը. «Մեր գյուղն ուրիշ էր, իր դիրքով, իր կլիմայով բացառիկ է: Ես շատ եմ կարոտում մեր գյուղը: Երկար տարիներ երազում տեսել եմ Մարաղան, հաճախ եմ մտովի քայլում գյուղի ճանապարհներով: Հույս ունեմ, որ մի օր կկարողանամ վերադառնալ»:

Հիշելով ապրիլի 10-ի ողբերգական լուսաբացն ու դրան հաջորդող իրադարձությունները` տիկին Իռան նշեց, որ նախքան այդ սարսափելի օրը, ապրիլի սկզբներին ադրբեջանցիները ժամանակավորապես դադարեցրել էին կրակը, կարծես փորձում էին հանգստացնել բնակչությանը:

«Իհարկե, կրակում էին, բայց հատուկենտ: Ապրիլի 10-ի լուսաբացին, ադրբեջանցիները սկսում են գրոհը: Շատերը քնած էին, ոչ ոք չէր սպասում հարձակման: Գյուղ մտան զինված ադրբեջանցիներ, տանկերի ուղեկցությամբ: Ով հասցրեց փախավ, մնացածներին կամ դաժանաբար սպանեցին, կամ գերի տարան: Տեղի ունեցածը դժվար է բառերով նկարագրել»,-արցունքն աչքերին նշում է Մարաղայի նախկին բնակիչը, ով այդ ժամանակ երեխաների հետ միասին գտնվել է հարեւան Մադաղիս գյուղում եւ այնտեղից տեսել, թե ինչպես է ավերվում Մարաղան:

Պատրաստեց` Տաթեւիկ Հայրապետյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ