Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ շաբաթ օրը թեկնածությունից հրաժարված անկուսակցական Մերուժան Մխոյանը ուղեղի ցնցում է ստացել։ Այդ մասին հայտնել են «Արմավիր» բժշկական կենտրոնից:

Բժշկական կենտրոնի փաստաթղթերում գրանցված էր, որ նա եւ նրա ազգականը՝ Մուշեղ Մխոյանը, ուրբաթ օրը երեկոյան տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մերուժան Մխոյանի կինն ու ընտանիքի անդամները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հավաստել են, որ նրանք վնասվածքները ստացել են ուրբաթ օրը վաղ առավոտյան իրենց տան մոտ սկսված, հետո Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ շարունակված ծեծի հետեւանքով:

Չնայած «Արմավիր» բժշկական կենտրոնի մատյանում նշված է, որ Մերուժան Մխոյանը ստացել է ուղեղի ցնցում, ձախ ստորին կոպի հեմատոմա, կոնքազդրային հոդի վնասվածք, Մուշեղ Մխոյանն էլ վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, վերին շրթունքի, ծոծրակի ու քթի շրջանում, սակայն նրանք այս գործում որպես տուժող ներգրավված չեն: Ըստ ոստիկանության տեղեկատվության, տուժողներ են ճանաչվել երկու երիտասարդներ, որոնք, Մխոյանների ընտանիքի պնդմամբ, ծեծի ենթարկողների թիմից են:

Մերուժան Մխոյանի կինը եւ եղբոր կինը, ովքեր ականատես են եղել ուրբաթ օրը առավոտյան տեղի ունեցած դեպքերին, պատմել են, որ Մխոյանը սպառնալիքի ներքո ստիպված է եղել հրաժարվել ընտրապայքարից. այդ ողջ ծեծուջարդի նպատակն է եղել ստիպել նրան ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի անկուսակցական թեկնածուն չխանգարի նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուին՝ Ալեքսան Պետրոսյանին:

«Նրանք մեզ ասում են՝ հանեք, թե չէ երեխաներին վնաս կտան։ Այսինքն՝ ամենաթույլ օղակին են կպնում, որովհետեւ հանուն երեխաների գիտեք հայը ինչի է պատրաստ։ Հենց դրա համար էլ հանել է թեկնածությունը»,- պատմել են մեր զրուցակիցները։

Թեկնածու Ալեքսան Պետրոսյանի նախընտրական շտաբից հերքել են այս պնդումները, կրկին հայտարարելով, որ իրենց թիմակիցներն այդ միջադեպի հետ որեւէ կապ չունեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 6-ի առավոտյան մի խումբ անձինք Մխոյանին ինքնաձիգի սպառնալիքի տակ հանել էին Սարդարապատ գյուղում գտնվող տանից եւ տարել Հոկտեմբեր գյուղի գերեզմանոց, որտեղ դաժան ծեծի էին ենթարկել: Նշվում էր, որ հարձակվողների խմբում են եղել նախկինում մահափորձի համար ազատազրկված Սամվել Պողոսյանն ու հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին: Ի դեպ, խումբը, որն առեւանգել եւ ծեծել է Մերուժանին, հետեւյալ մեսիջն է փոխանցել. «Դու պետք է գաս մարզպետի, Նովոյի (ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի-խմբ.) եւ քաղաքապետի մոտ ներողություն խնդրես եւ թեկնածությունդ հանես: Դու քանի՞ գլխանի ես, որ պետության դեմ ես գնում»:

Վիճաբանությունը ուղեկցվել է կրակոցներով, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներով (ըստ մեր աղբյուրի` կոնքերի կոտրվածքներով) Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել կռվի մասնակիցներ 30-ամյա Սամվել Պողոսյանը` Սամսոն Պողոսյանի եղբայրը, եւ 29-ամյա Առնակ Կուրղինյանը:

Նահապետ Գեւորգյանը հերքել էր իր որդու մասնակցությունը:

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քրեական գործ էր` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: