Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` ապրիլի 17-ին, հրաման է ստորագրել` Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանի համար հիմք են ծառայել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա եւ 2012 թվականի ապրիլի 17-ի թիվ 173-Ա հրամանները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  ապրիլի 10-ի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, առանց հարգելի պատճառի բացակայել է երկրից,  ոչ պատշաճ կերպով է կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ի պատասխան Սուրեն Զոլյանը մեր թղթակցի հետ զրուցյում հայտարարել էր, թե Արմեն Աշոտյանի հրամանը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն: Նա դիմել է դատարան եւ համոզված է, որ դատարանն անվավեր կհայտարարի այս անհեթեթ հրամանը: Ռեկտորը դիմելու է նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ վերացնի նշված հրամանը  եւ որոշի Արմեն Աշոտյանի  հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Նշենք, որ այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկրորդ խիստ նկատողությունն էր հայտարարել Զոլյանին: