News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում, ապրիլի 14-ին, 69 տարեկան հասակում մահացել է հոլանդացի նշանավոր հայերենագետ, Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Յոհանես Վայտենբերգը (Prof. dr. Joseph Johannes Sicco Weitenberg (ծնվ. 1943 թ., օգ. 5, Groningen):

Ուսանելով դասական լեզվաբանություն եւ համեմատական հնդեվրոպական լեզվաբանություն` պրոֆ. Վայտենբերգը նախ կենտրոնացել է խեթագիտության վրա: Նրա դոկտորական ատենախոսությունը, որ նվիրված է խեթերենի ու-հիմքով գոյականների ուսումնասիրությանը, նա պաշտպանել է 1984-ին Ամստերդամի համալսարանում:

Հետաքրքիր է, որ իր ատենախոսության ներդիրի տասը դրույթներից չորսը Վայտենբերգը նվիրել է հայերենին: Սա վկայում է այն մասին, որ դեռեւս այդ տարիներին արդեն սկսել էր ձեւավորվել նրա առանձնահատուկ վերաբերմունքը դեպի հայոց լեզուն:

Այնուհետեւ Վայտենբերգը իր մասնագիտական կիզակետը տեղափոխեց հայերենագիտություն, որին էլ հավատարիմ մնաց մինչեւ իր կյանքի վերջը: Նա դարձավ Լեյդենի համալսարանի հայոց լեզվի ամբիոնի առաջին եւ վերջին ղեկավարը: Նրա ինավգուրալ դասախոսությունը (1996 թ., հունվ. 12) կոչվում էր “Een leerstoel in den vreemde” («Ամբիոն օտարության մեջ»):

Նրա մի շարք ուսումնասիրություններ եւ նախաձեռնություններ արդյունք են բեղմնավոր համագործակցության` բազմաթիվ հայագետների հետ, ինչպիսիք են Պաուլ Յունգմանը, Մայքլ Սթոունը, Ուվե Բլեզինգը, Թեո Վան Լինտը, Էռնա Շիրինյանը, Գայանե Գեւորգյանը եւք: Նա ակտիվորեն մասնակցում էր հոլանդահայ համայնքի մշակութային կյանքին ու հայոց ճակատագրի անկաշառ թարգմանն էր Հոլանդիայում:

Որպես վերին աստիճանի բարեխիղճ գիտնական` պրոֆ. Վայտենբերգը պատշաճ բծախնդրությամբ քննում էր հայերենի լեզվական իրողությունները գրաբար – միջին հայերեն – բարբառներ կոնտինուումի տարածաժամանակային հենքի վրա: Անցնելով թոշակի (հրաժեշտի դասախոսությունը` «Wetenschap, canons en Armeense woordenlijstjes», 2009 թ. հունվ. 22)` նա ամբողջությամբ տրվեց իր կարեւորագույն առաքելությանը` «Հայոց լեզվի պատմություն» աշխատությանը, որը, ցավոք, մնաց անավարտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ