News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը չի կարծում, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիները նպատակուղղված գործողություններ են իրականացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին, այսօր՝  ապրիլի 18-ին, ասաց Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն՝ անդրադառնակով թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպին, երբ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Ալեքսանյանի կողմնակից կանայք խոչընդոտել են այդ նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին, ինչպեսեւ մեկ այլ վայրում վերջինիս վստահված անձանց կողմից քարոզչանյութերի տարածման ընթացքում նրանց հանդեպ բռնություն են կիրառել:

«Ես չեմ բացառում այն հանգամանքը, որ որոշ քաղաքական անհատներ փորձում են ինտրիգներ մտցնել, սա քաղաքական շահերի մեջ տեղավորվող հանգամանք է»,- ասաց նա՝ կոչ անելով հասարակությանը՝ չենթարկվել սադրանքների։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ իրավունք պետք է ունենա լիարժեք ներկայացնել իր գործողությունները եւ պետք չէ մեղադրել այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում լսել, որովհետեւ յուրաքանչյուրը դրա իրավունքը ունի։ 

NEWS.am-ի հարցին, թե ձեր կարծիքով՝ Նիկոլ Փածշինյանը ինտրիգնե՞ր է մտցնում, նա նշեց, որ չի կարող որեւէ բան ասել, քանի որ միջադեպի հետ կապված չունի համակողմանի տեղեկատվություն։

Նշենք, որ ավելի վաղ ՀԱԹ Ա1 թաղամասում Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի ընտրապայքարը: Մի քանի տասնյակ կանայք եւ տղամարդիկ Փաշինյանից եւ ընդդիմադիր ակտիվիստներից պահանջել են թռուցիկներ չբաժանել, նաեւ հայհոյախառն վանկարկումներով ստիպել են դադարեցնել քարոզարշավը:

Մեկ այլ վայրում, տասնյակից ավելի մարդիկ հարձակվել են Փաշինյանի վստահված անձանց վրա եւ ծեծի ենթարկել ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկված Բաբկեն Գարոյանին` կոտրելով նրա քիթը:

Փաշինյանը դեպքի կապակցությամբ տեղեկացրել էր ոստիկանությանը:

Ավելի ուշ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելը): Արդեն այսօր ոստիկանություն է ներկայացել 42-ամյա Վարդան Վ.-ն եւ հայտարարել, որ ապրիլի 15-ին, ժամը 18.40-ին, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի շքամուտքում ինքն է վիճաբանել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Բաբկեն Գարոյանին եւ Գայանե Առուստամյանին, որոնք դիպել են շքամուտքի միջանցքի պատին եւ հնարավոր է ստացած լինեն մարմնական վնասվածքներ: Նա նաեւ հավելել է, որ ինքը ոչ ոքի չի հարվածել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ