News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարությունից։ «Հայաստանը շահագրգռված է էլ ավելի խորացնել ԱԷՄԳ-ի հետ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ատոմային էներգաբլոկի շահագործման անվտանգության ապահովմանը: Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած դեպքերից հետո  մեր երկիրն առաջիններից մեկն էր, որ ընդունեց միջազգային փորձագետների խումբ՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ուսումնասիրելու համար»,- ասել է վարչապետը:

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է  հանդիսանում իր գլխավորած կառույցի համար, որովհետեւ այն ունի գործող ատոմակայան եւ ծրագրում է կառուցել նորը: «Դուք ծրագրում եք երկարացնել գործող ատոմակայանի գործունեության ժամկետը, այնուհետեւ կանգնեցել այն եւ շահագործումից հանել: Բոլոր այս փուլերում մեր գործակալությունը պարտավորված է օժանդակել Հայաստանին՝ այդ աշխատանքները սահուն եւ հարթ կերպով իրականացնելու համար: Ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել Ձեր կառավարությանը՝ փորձագիտական խմբին Մեծամորի ատոմակայան հրավիրելու եւ այդ աշխատանքների հաշվետվությունը ԱԷՄԳ-ի անդամ բոլոր երկրներին հասանելի դարձնելու համար»,- ասել է Յուկիյա Ամանոն: Անդրադառնալով ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը՝  ԱԷՄԳ-ի նախագահն ասել է, որ համատեղ պետք է ներդնել բոլոր ջանքերը այդ աշխատանքների թափանցիկության բարձր մակարդակ ապահովելու համար:

Վարչապետ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է դրանում եւ պատրաստ է հետագայում եւս գործել թափանցիկ եւ բաց կերպով:  Միաժամանակ, գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն իսկ հաստատվել է գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման եւ անվտանգության ապահովման միջոցառումների ժամանակացույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ