News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն ապրիլի 13-ին, այցելել է Սալերնո նահանգի Սկաֆատի /Scafati/ քաղաքը, ուր հանդիպում է ունեցել քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ /Angelo Pasqualino Aliberti/, ինչպես նաեւ մասնակցել քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Հայ արտիստները Սկաֆատիում» /Artisti Armeni a Scafati/ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Քաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը քննարկել է Սկաֆատիի հետ քաղաքային մակարդակով համագործակցության հաստատման, զբոսաշրջության եւ առեւտրատնտեսական ոլորտներում կապերի զարգացման հնարավորությունները:

Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում դեսպան Կարապետյանը շեշտել է, որ «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի կազմակերպումը  չափազանց կարեւոր է, քանի որ այն տեղի է ունենում պատմական Պոմպեյ քաղաքի անմիջական մերձակայքում եւ հնարավորություն կընձեռի բազմահազար իտալացի եւ օտարերկրացի զբոսաշրջիկներին մինչեւ մայիսի 31-ը ճանաչելու եւ հաղորդակցվելու  հայկական ժամանակակից արվեստի հետ:  Իր հերթին Սկաֆատիի քաղաքապետը նշել է, որ «քաղաքի պատմական այս վայրում առաջին անգամ է կազմակերպվում օտար, ոչ իտալական, ազգային մշակույթը ներկայացնող ցուցահանդես»` հավելելով, որ «իրենց քաղաքի համար հիրավի մեծ իրադարձություն եւ պատիվ է հայկական մշակույթին նվիրված  նման միջոցառման իրականացումը»:

Ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը, ներկայացված էին տարբեր երկրներից /ԱՄՆ, Չեխիա, ՌԴ, ՀՀ, Իտալիա, Կանադա/ հայազգի 16 նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ:

Ապրիլի 17-ին Սկաֆատիի քաղաքային խորհուրդը /ջունտան/ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին եւ զորակցություն հայտնելով  հայ ժողովրդին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ