News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն Տուլայում գործարար Գեղամ Սարգսյանի ընտանիքի դեմ հարձակման գործով ստուգում է նրա` Վրաստանում ապրող որդու առնչությունն այդ հարձակմանը:

«Դա վարկածներից մեկն է, որը ստուգվում է: Սարգսյանի որդին արտաքսվել է Վրաստան: Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում նրա գտնվելու վայրը հայտնաբերելու ուղղությամբ»,- «ՌԻԱ նովոստիին» ասել է Տուլայի մարզի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Տատյանա Գրիզլովը:

Ավելի վաղ ՆԳՆ ռեգիոնալ վարչության պետի պաշտոնակատար Անդրեյ Միշագինը հայտարարել է, որ գործարարի ընտանիքի վրա հարձակումը կարող է կապ ունենալ ընտանիքի հարազատներից մեկի հետ, ով ներկայումս ՌԴ տարածքում չի բնակվում: Հարձակվողները եղել են վրացիներ եւ ռուսներ եւ ենթադրաբար, Տուլա են ժամանել Մերձմոսկվայից ստացած ուղղորդմամբ:

Ապրիլի 7-ի երեկոյան 4 զինված ավազակներ ներխուժել են գործարարի տուն, որտեղ նա ապրում է կնոջ, հասուն դստեր եւ 4 երեխաների հետ: Տանտերը կարողացել է խոհանոցից վերցնել դանակը եւ սպանել երեք ավազակներին, չորրորդը դիմել է փախուստի:

Տանտերը եւս դանակի հարվածներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նա նաեւ գանգուղեղային վնասվածքներ է ստացել` ծեծից: Ընտանիքի մյուս անդամներին բժշկական օգնություն են ցուցաբերել: Ապրիլի 16-ին Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից:

Ներկայումս նրա տունը գտնվում է ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում, իսկ Սարգսյանի թոռը դպրոց է գնում ոստիկանների ուղեկցությամբ:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 52-ամյա գործարարի եւ նրա ընտանիքի վրա հարձակումը տեղի է ունեցել  Բոգորոդիցկ քաղաքի Օկտյաբրսկայա գյուղում, ապրիլի 7-ին: Այդ պահին գործարարի ամբողջ ընտանիքը տանն է եղել` տանտերը, կինը, դուստրը եւ նրա չորս անչափահաս երեխաները:

Նախապես քննիչները հայտնել էին, որ Գ. Սարգսյանը կարող է պատասխանատվության ենթարկվել ինքնապաշտպանությունը գերազանցելու համար, բայց հետո հայտնի դարձավ, որ նա քրեական պատասխանատվություբ չի կրի: Միաժամանակ նշվում է, որ իրավաբանական վերջնական գնահատականը կտրվի միայն հետաքննական ամբողջական ծավալով գործողություններ իրականացնելուց հետո:

Ռուսաստանի Տուլայի մարզում կատարվածին անդրադարձել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցը, փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ են Մերձմոսկվայի Լյուբերցիում գրանցված կողոպտիչները հասել հեռավոր Տուլա, որպեսզի կողոպտեն սեփական քրտինքով օրվա հացի գումար աշխատող Գեղամ Սարգսյանի բնակարանը։ Թղթակիցը նշում է, որ կասկածներ կան, թե Սարգսյանի բնակարանը կողոպտիչները պատահաբար չեն ընտրել, այլ եկել են Գեղամի որդու՝ Սամվելի պարտքի հետեւից։

Պարզվել է, որ Գեղամի որդին՝ 30-ամյա Սամվել Սարգսյանը հանցավոր անցյալ ունի, եւ հնարավոր է հանցավոր աշխարհի ներկայացուցչներին որոշ պարտքեր է ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ