News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի բացման հանդիսությանը մասնակցելուց հետո, բարերարի թոռ՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Մանթաշով կրտսերը որդու՝ Միխայիլ Մանթաշովի հետ, ապրիլի 19-ին, երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի: Նարցն ուղեկցել են ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը եւ գրող-հրապարակախոս Վահե Անթանեսյանը:

Հյուրերը շրջագայել են մեծ բարերարի Թբիլիսիում արած բազմաթիվ բարեգործությունների հետքերով:

Իր ժամանակի խոշոր նավթարդյունաբերողի թոռան եւ ծոռան հետ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելիի հանդիպման ժամանակ խոսվել է Թբիլիսիի կայացման գործում երկու բարերարների՝ Ալեքսանդր Մանթաշյանցի եւ Միքայել Արամյանցի անգնահատելի ավանդի մասին եւ առաջարկություն է արվել Մանթաշյանցի նմանօրինակությամբ ֆիլմ նկարահանել նաեւ Արամյանցի մասին, որի միջոցներով կառուցված հիվանդանոցն այսօր էլ կրում է նրա անունը:

Ալեքսանդր Մանթաշյանցի ժառանգները հյուրընկալվել են նաեւ թիֆլիսյան կոլորիտով շնչող Դավթյան ընտանիքի տիկնիկային թատրոնում, որտեղ էլ հանդիպել են տեղի հայ մտավորականության ներկայացուցիչների հետ:

Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը խոսելով Մանթաշյանցի՝ որպես գործարարի, բարերարարի, մարդասերի եւ լուսավորչի մասին, անվանեց նրան մեծ, բայց ոչ միակը, քանզի Թբիլիսիում գործել են շատ եւ շատ հայազգի մեծահարուստ-բարեգործներ, որոնց հիշատակը հարգելը եւ պահելը բոլոր հայերի սուրբ գործն է:

Այնուհետեւ դեսպանը տիկին Ժաննա Դավթյանին է հանձնել ՀՀ սփյուռքի նախարարության՝ Դավթյան ընտանիքին պարգեւտրած Վիլյամ Սարոյան մեդալը, հայապահպանության եւ ազգապահպանության գործին նվիրվածության համար:

Բոլոր բանախոսները՝ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան մասնաճյուղի նախագահ Ենոք Թադեւոսյանը, որը նաեւ Ալեքսանդր Մանթաշեւի 100-ամյակի առթիվ «Գործ՝ ողջ կյանքի» շարքից մեծ բարերարին նվիրված գրքույկի հեղինակն է, միանշանակ խոսեցին այս քաղաքի նկատմամբ տեղի հայ ազգաբնակչության մեծ սիրո եւ նվիրվածության մասին:

Մանթաշյան տոհմի ներկայացուցիչների այցը Թբիլիսիում շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ