Գերմանացի բժիշկները խորհուրդ չեն տվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բուժվել Խարկովի հիվանդանոցում: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոն:

Հիշեցնենք, որ կանադացի եւ գերմանացի բժիշկների խորհրդով, որոշում է կայացվել Տիմոշենկոյին բուժել կալանավայրի սահմաններից դուրս եւ Ուկրաինայի իշխանությունները այդ նպատակով ընտրել են երկաթուղային փոխադրումներ իրականացնող «Ուկրզալիզնիցյա» պետական ընկերության հիվանդանոցը:

Ապրիլի 13-ին գերմանացի բժիշկները կրկին հետազոտել են Տիմոշենկոյին, ինչպես նաեւ եղել են տվյալ հիվանդանոցում:

Ավելի վաղ Ուկրաինայի առողջապահության փոխնախարար Ռաիսա Մոիսեյենկոն հայտնել էր, որ գերմանացի բժիշկները հարմար են համարել նախկին վարչապետի բուժման համար: