News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շուկայական հարաբերությունների անցնելու հետ, ինչպես հայտնի է, տեղական արտադրանքն աստիճանաբար դուրս մղվեց շուկայից ներմուծվողի հաշվին, եւ արդյունքում ամբողջ ոլորտներ այսօր պահպանում են միայն իրենց խղճուկ գոյությունը: Սակայն պանրագործությունը, բարեբախտաբար, դրանցից չէ:

Անցած տարվա տվյալներով` պանրի ընդհանուր ապրանքային ռեսուրսներում ներմուծումը կազմել է միայն 5,7%: Պանրի ապրանքային ռեսուրսները միջինը բնակչության մեկ շնչի համար կազմում են ամսական 0,5 կգ, ինչը կարելի է լավ ցուցանիշ համարել` հաշվի առնելով երկրում աղքատության զգալի մակարդակը:

Հայաստանում պանրի շուկայի թերություններից մեկը կարելի է համարել  համեմատաբար սահմանափակ տեսականին,  որն անգամ երեք տասնյակի չի հասնում: Թեեւ մեր սպառողները բավականին ավանդապահ են այդ առումով:

Պանրի համեմատաբար թանկարժեք տեսակները ներկրվում են աննշան ծավալով:  Պատճառն այն է, որ դրանք մատչելի են ոչ բոլոր սպառողների համար:  Օրինակ, անցած տարի ներկրվել է «ընդամենը»  1,0  հազ. տոննայից մի փոքր ավելի:

Ներկրվող պանրի մաքսային արժեքը նշված տարում կազմել է  կիլոգրամի դիմաց 5,5 դոլար կամ 2044,5 դրամ:  Նկատենք, որ սա արդեն իսկ բարձր է  հայրենական արտադրության պանրի մանրածախ գնից` կիլոգրամի դիմաց  1783,2 դրամ: Բայց մաքսային արժեքին դեռ պետք է ավելացնել նաեւ հարկերը:

Ընթացիկ տարվա մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  պանրի առանձին տեսակների` «Չանախի» եւ «Լոռիի» գները նվազել էին համապատասխանաբար  2,8% եւ 2,2%-ով: Սակայն դա ապրանքի սովորական էժանացում չէ: Պարզապես մեր պանրագործարանները սպեկուլյատիվ եղանակով ուռճացրել էին իրացման գները, իսկ հետո ստիպված էին հրաժարվել դրանից:

Ի տարբերություն ` ներկրվող «Չեդեր» պանրի գինը բարձրացել էր 10,5%-ով: Արդյունքում փոփոխվել էր վերոնշյալ տեսակի եւ հայրենական «Չանախի» գնային հարաբերակցությունը. եթե նախկինում ներկրվածը «Չանխից» թանկ էր 1,24 անգամ, ապա այսօր` մինչեւ 1,41 անգամ:

Բայց մենք ոչ միայն ներկրում ենք պանիր, այլեւ արտահանում ենք, մասնավորապես, Ռուսաստան եւ ԱՄՆ,  որտեղ մեծ հայ համայնք կա: Օրինակ, անցած տարի արտահանման ծավալը կազմել է 439,8 տոննա (մոտ 1,9 մլն դոլարի), ընդ որում` նախորդ տարվա համեմատ ծավալը կրճատվել է  11,4%-ով:

Դրա հետեւանքով պանրի ներմուծման եւ արտահանման ծավալների տարբերությունը տարեկան աճել է 2,5 անգամ`229,4 տոննայից հասնելով  579,4 տոննայի: Բնականաբար, «մինուս» նշանով:  Բացասական սալդոն դոլարային արտահայտությամբ աճել է 74%-ով` հասնելով 3,74 մլն դոլարի: Եթե ֆորմալ մոտենանք, ապա Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր սալդոյի համապատկերում պանրի ցուցանիշը չնչին է թվում:

Սակայն հենց այդպիսի «չնչին» ցուցանիշների հանրագումարից  է  ձեւավորվում արտաքին առեւտրում մեր անհավասրակշռության չարդարացված մասը:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ