Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 23-ին, մասնակցել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Վարք հավերժության» քանդակի բացման արարողությանը (ֆոտոռեպորտաժ):
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քանդակը բացվել է մայրաքաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում: Հեղինակն է ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին: Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը:
Հանրապետության ղեկավարն այսօր մասնակցել է նաեւ հայ գրատպության 500-ամյակին նվիրված մեկ այլ միջոցառման՝ Հայաստանի պատմության թանգարանում «Գրի հավերժությունը» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Այստեղ մեկ միասնական ցուցադրությամբ հանդես են եկել չորս խոշոր թանգարաններ՝ Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը եւ Հայաստանի ազգային գրադարանը՝ ներկայացնելով հայ գրավոր մշակույթի հարուստ կենսագության լավագույն ու ամենաարժեքավոր ցուցանմուշները:
Հայաստանի ազգային պատկերասրահում Նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է նաեւ ժամանակակից նկարչուհի Արեւիկ Պետրոսյանի «Հետադարձ հայացք» եռանկարը, որը նկարչուհին ստեղծել է հատուկ հայ գրատպության 500-ամյա հոբելյանի առիթով: