News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի` Բունդեսթագի Ձախերի կուսակցության (DIE LINKE) խմբակցության անդամ, ԵԽ ԽՎ  Գերմանիայի պատվիրակության անդամ Կատրին Վերները տարածել է հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին` պահանջելով ԳԴՀ կառավարությունից իրագործել 2005թ. Բունդեսթագի որոշումը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին հարգում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության զոհ դարձած իր նախնիների հիշատակը: Ստամբուլի հայ մտավոր, քաղաքական ու մշակութային վերնախավի ձերբակալությունը երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված եւ իրագործված բնաջնջման քաղաքականության սկիզբն էր: Բնաջնջման այդ գործին զոհ դարձան 1,5 միլիոն հայեր: Գերմանիան այդ ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, նաեւ տեղյակ էր դրան ու մասամբ` մասնակից:

Կ. Վերներն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ցեղասպանությունը վերապրածների ու զոհերի հետնորդներին եւ նշում, որ նրանք իրավունք ունեն պահանջելու պատմական փաստերի անվերապահ ճանաչումը: Ըստ պատգամավորի` հաշտեցումը հնարավոր է միայն այն պարագայում, եթե ոճրագործությունը չի ուրացվում կամ մեղմացվում: Ոչ ոք չի մեղադրում ներկայիս Թուրքիայի բնակչությանը այն ժամանակվա վարչակարգի գործողությունների համար:

Մեծագույն հարգանքի են արժանի թուրք քաղաքացիական հասարակության  վերջին ժամանակների ջանքերը` ուղղված պատմության արդարացի վերագնահատմանը: Այնուամենայնիվ, այդ քայլերը չեն կարող փոխարինել ոճրագործության հեղինակի իրավահաջորդ պետության` ներկայիս Թուրքիայի կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:

Գերմանիայի կառավարությունը, կրելով պատմական պատասխանատվություն, պետք է, լավ օրինակ ծառայի եւ իրագործի 2005թ. ընդունված Բունդեսթագի որոշումը :  Դաշնային կառավարությանը կոչ է արվում մշակույթի նախարարների համաժողովի շրջանակներում ջանքեր գործադրել, որպեսզի ցեղասպանության թեման ընդգրկվի դաշնային երկրամասերի ուսումնական ծրագրերում: « Ճանաչումը պահանջում է պատմական փաստերի լուսաբանում», եզրահանգում է ԳԴՀ խորհրդարանի պատգամավորը:

Երկու տարի առաջ, 2010 փետրվարին, Կատրին Վերները Ձախերի կուսակցության անունից հարցում էր ուղղել ԳԴՀ կառավարությանը` պահանջելով  վերջինիս հստակ դիրքորոշումն առ այն` արդյոք ԳԴՀ կառավարությունը 1915/1916թթ. ջարդերը համարում է ցեղասպանություն համաձայն ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի: Դաշնային կառավարությունն իր  պատասխանում մեկնաբանել էր, որ ողջունում է պատմական իրադարձությունների պարզաբանմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները`  վերապահելով ուսումնասիրությունների արդյունքների մասին գնահատականները անկախ գիտնականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ