News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմել է հայ ժողովրդին Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին նախագահի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասվում է՝

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր մենք, ինչպես եւ շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետեւ անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետեւ ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք:

Սիրելի՛ հայ ժողովուրդ

Մեր պատմության հազարամյակների մատյանում ոսկեհատիկ ցորենի պես հավաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այսօրվա ու վաղվա մեր կյանքը, մեր ազգային դիմագծի ամբողջականությունն ու առանձնահատկությունը: Ցավոք, այդ էջերը միայն հաղթանակների ու վերելքների մասին չեն:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` սեւահանդերձ ապրիլի 24-ը, ոչ միայն մեր համազգային սուգի, այլեւ մեր ապրելու համառության եւ բարոյական նկարագրի օրն է: Չլիներ մեր հիշողության համառությունը, մենք ո՛չ Սարդարապատ կունենայինք 1918-ին, ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ եւ մեր կողքին՝ Հայոց Սփյուռք:

Քույրե՛ր ու եղբայրնե՛ր,

Այս օրը կանցնի, եւ մենք կշարունակենք ապրել առօրյա մեր կյանքը, սակայն ակնթարթներ կան ժամանակի հոլովույթում, երբ մենք առանձնահատուկ կերպով միասնական ենք, հավաքական, անբաժանելի ու անբեկանելի: Այս օրը հենց այդ ակնթարթներից է` ազգահավաքի ու հայրենահավաքի:

Երեք տարի հետո ոչ միայն Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցն է, այլեւ հիշողությամբ ու կամքով ապրելու՝ «մի քանի հազար գումարած 100»-ամյակը: Ինչ ստեղծել ենք՝ այսուհետեւ էլ տեր ենք, ինչ կորցրել ենք` չենք մոռացել եւ չենք մոռանա, որովհետեւ դարձյալ դրա տերն ենք: Մենք մանկուրտ չենք, մենք Հայոց Աշխարհն ենք:

Որպես առհավատչյա մեր չմարող հիշողության եւ կենաց երդման՝ մենք քաղաքամայր Երեւանում ի հիշատակ բոլոր ժամանակների մեր նահատակների ու անմեղ զոհերի՝ Սուրբ Նահատակաց եկեղեցի կերտելու իղձն ունենք: Միասին ենք անելու՝ մեր հայացքն ուղղած ապագային: Միայն ազգովին:

Միասին էլ ամրացնելու ենք մեր պետությունը՝ Հայոց հայրենիքը, ու միասին էլ գալիք սերունդներին ենք փոխանցելու նոր հաղթանակների հիշողությունը: Իսկ միասին նշանակում է մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտավորականով, սփյուռքահայով ու հայրենաբնակով եւ մանավանդ այն պետությամբ, որն այլեւս թույլ չի տալու ցեղասպանական որեւէ արարք կամ գործողություն հայ մարդու դեմ: Որեւէ մարդու դեմ:»

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ