News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրք հասարակության մի մասը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչ վերաբերում է թուրքական պետությանը, այստեղ դժվար է գործել պարտադրանքով: Այսօր` ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, դեսպանը նշել է, որ մեղքի զգացումը պետք է վերապրել, այն հնարավոր չէ պարտադրել: «Ես Թուրքիայի հանդեպ միջազգային ճնշմանը կողմնակից չեմ, քանի որ ինչ-որ բանի պարտադրված ճանաչումը կարող է միայն քաղաքական նշանակություն ունենալ, իսկ բարոյական կողմը այդ դեպքում կբացակայի»,- ասել է Ռաչինսկին:

Նրա ներկայացմամբ, հասկանալու, ճանաչելու եւ զղջալու համար պետք է գիտակցել սեփական մեղքը: Նա նաեւ ընդգծել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների պատմությունը ինչ-որ առումով նման է եւ Լեհաստանի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի ցավը, սգում Հայոց ցեղասպանության օրը:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ