News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունում բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից (ԲՀԵԽ) կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ՝ նշելու Հայոց ցեղասպանության 97-ամյակը:

Բրիտանահայ համայնքի ներկայացուցիչները քայլարշավով անցել են Լոնդոնի կենտրոնով՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ու իրենց կոչը հղելով ՄԹ իշխանություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս ամենամյա քայլարշավը, թվով 47-րդը, կազմակերպվում է Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեի կողմից (CRAG): Քայլարշավը, որին մասնակցում էին 800-900 մարդ, գլխավորել են Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ ԲՀԵԽ ղեկավարությունը, ինչպես նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:

Այնուհետեւ ԲՀԵԽ ներկայացուցիչները ուղեւորվել են դեպի ՄԹ վարչապետի նստավայր՝ Դաունինգ 10, եւ հայ համայնքի անունից հանձնել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագիրը:

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ են կայացել նաեւ Իրանում: Ապրիլի  23-ի երեկոյան  Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանի գլխավորությամբ եւ հոգեւոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին ԻԻՀ-ում  ՀՀ դեսպանության անձնակազմի, իրանահայ բոլոր միությունների եւ կազմակերպությունների կողմից տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հուշակոթողին:

Ապրիլի 24-ին Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եւ Թեհրանի բոլոր եկեղեցիներում իրանահայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրված սուրբ պատարագ եւ հոգեհանգստյան արարողություններ: Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի է ունեցել Ցեղասպանությունը դատապարտող բողոքի համահավաք:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ