News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Երուսաղեմում մի շարք միջոցառումներ են կայացել, որոնք անցել են նախատեսվածի պես, առանց միջադեպերի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:

Նրա փոխանցմամբ` ապրիլի 23-ի երեկոյան տեղի է ունեցել առաջին միջոցառումը, երբ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ելույթ է ունեցել, իսկ նրանից հետո ելույթ են ունեցել հայ համայնքի ներկայացուցիչներ Ժորժետ Ավագյանը, Սարո Նաքաշյանը, ինչպես նաեւ ինքը` Արիս Շիրվանյանը:

Իսկ արդեն այսօր` ապրիլի 24-ին, Երուսաղեմի Սուրբ Հակոբ տաճարի մեջ պատարագ է մատուցվել, որին հաջորդել է հոգեհանգստի արարողությունը: Դրանից հետո Երուսաղեմի հայ համայնքը գնացել է նահատակների հուշարձան, որտեղ եւս հոգեհանգիստ է կատարվել: Այնուհետեւ Երուսաղեմի հայ համայնքի ներյկայացուցիչները գնացել են  Սուրբ Փրկիչ վանք` հարգելով  1918թ հայ կրոնականների մահվան հիշատակը:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ