News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայոց ցեղասպանության հիշողությունը երբեք չի վերանա, քանի որ սերնդեսերունդ փոխանցվում է տառապանքը եւ ցավը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով երեկ` ապրիլի 24-ին, Փարիզի Կանադայի հրապարակում, Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք խոսում ենք մի շատ կարեւոր հարցի շուրջ: Այս դեպքում չենք կարող մեզ թույլ տալ որեւէ մեղմացումներ կամ սխալներ: Ես ցանկանում եմ ձեզ դիմել որպես պետության ղեկավար եւ ոչ որպես թեկնածու: Կարծում եմ, որ այս հարցի շուրջ ունեցած իմ գաղափարներ կիսում են շատերը` անկախ կուսակցական պատկանելիությունից»,- ասել է Սարկոզին, հավելելով, որ շատ ազդված է եղել Երեւան կատարած իր պետական այցի ընթացքում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ, հաղորդում է «Արմենպրեսը»:

«Կցանկանայի ասել բոլոր նրանց, ովքեր չեն կատարել այդ այցելությունը, չեն տեսել, լսել եւ հասկացել այն, ինչ ես եմ տեսել, որ այդ ցավի դառը հիշողությունը բոլոր հայերի հետ է, որտեղ էլ, որ նրանք բնակվեն»,- ընդգծել է նա:

«Խոսելով հիշողության եւ ցավի մասին` չեմ ցանկանում խոսել միայն հայերի եւ ցեղասպանության մասին, այլ ցանկանում եմ ընդգծել, որ աշխարհում չկա մի հզոր պետություն, որ չանդրադառնա սեփական պատմությանը: Մեծ պետության առաջին նշանը իր բնակիչների գնահատականն է. դա իր տնտեսության հզորություն չէ, այլ այն ընկալումն է, որ ինքը կարող է ապացուցել սեփական պատնմության արդարացիությունը: Ես չեմ ցանկանում համեմատել կամ աստիճանակարգության մեջ դնել տարբեր երկրներին, այլ ուղղակի ցանկանում եմ ասել, որ Ֆրանսիան պահանջում է Թուրքիայից վերանայել սեփական պատմությունը: Դա թուլության նշան չէ: Դուք գիտեք, թե ես ինչքան եմ սիրում մեր երկիրը, սակայն երբ սխալ եմ տեսնում, ընդունում եմ այն, եւ գիտե՞ք ինչու, քանի որ անհնարին կլիներ ներել սխալը, եթե այն չի ճանաչվել»,- ասել է Սարկոզին եւ համոզմունք հայտնել, որ որեւէ հայ չի հանդարտվի, ուղղակի հետ ստանալով իր ժառանգությունը:

«Գիտեմ, որ յուրաքանչյուրիդ համար ցանկացած լուսանկար, պատմություն եւ հիշողություն մի վերք է, որը սակայն չի բուժվի եթե շարունակվի ժխտողականությունը: Ֆրանսիան ճանաչել է, որ կատարվածը ցեղասպանություն է, ամբողջ աշխարհն է ճանաչում, որ եղածը ցեղասպանություն է: Այդ իրադարձությունը նման չէ պատերազմում կրած կորուստների, քանի որ հայերը ոչնչացվում էին ուղղակի այն բանի համար, որ հայ էին: Բոլոր պատմաբանները դա գիտեն»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Նրա կարծիքով` վիրավորական է կոչ անել ստեղծել մի հանձնաժողով, որը պետք է վճռի մի հարց, որն արդեն իսկ վճռված է. դա նույն բանը կլիներ, որ կոչ արվեր հրեաներին ստեղծել մի հանձնաժողով, որը կուսումնասիրեր շոայի եղելության հարցը: «Դա վիրավորական է, անթույլատրելի եւ անընդունելի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Անդրադառնալով ժխտողականության խնդրին Սարկոզին նշել է, որ ժողովրդավարությունը չի նշանակում ասել ինչ ցանկանում ես, ինչի մասին ցանկանում ես` առանց զոհերի նկատմամբ որեւէ հարգանքի: «Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումն անընդունելի է: Այս հարցի առնչությամբ ինձ շատերն են ընդդիմացել, ինչը ես չեմ հասկանում»,- ասել է Սարկոզին եւ հավելել, որ անհիմն են ցեղասպանության ժխտման քրեականացման գաղափարի դեմ բերվող փաստարկները: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ժռտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացվի այս տարվա հունիսին:

«Մենք պետք է դա անենք, քանի որ դա է արդարությունը, իսկ արդարություն գործելը միշտ էլ ճիշտ է»,- ամփոփել է Սարկոզին:

Նշենք, որ Փարիզի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ապրիլի 24-ին հավաքվել էին Փարիզի կենտրոնում` Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ