News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 25-ին, ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել:

«Անշուշտ, այս բացասական երեւույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, եւ ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարեւորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու ապահովել ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ թեեւ գործող օրենսդրությունը թույլ է տալիս հավուր պատշաճի կանխել կամ բացահայտել այս հանցագործությունը եւ պատժել այն կատարած անձանց, սակայն խնդրի կարեւորությունից ելնելով եւ օրենքի պահանջների առավել արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է օբյեկտիվորեն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող լրացուցիչ միջոցներ:

Նախագահի համոզմամբ, առկա իրավական կարգավորումների շրջանականերում իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը պետք է լինի ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը այն դեպքերում, երբ նրանք իրավապահպան մարմիններին կամովին հայտնել են այդպիսի փաստերի մասին եւ աջակցել հանցագործության բացահայտմանը: Հանրապետության նախագահի խոսքով, նման երաշխիքի պայմաններում մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել «ընտրակաշառքի» դեմ պայքարի գործընթացին՝ դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ