News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը ընտրությունների արդյունքները կեղծելու նոր մեխանիզմների մի ողջ զինանոց է հայտնաբերել, որի մեծ մասը կապված է ընտրողների անունների ու հայրանունների հետ: Այս մասին միասնական շտաբի այսօր` ապրիլի 27-ին տեղի ունեցած նիստում հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, հավելելով, որ սխալները հայտնաբերվել են հատուկ համակարգչային ծրագրերի օգտագործմամբ:

Օսկանյանի խոսքով, ընտրացուցակներում սխալների ու վրիպակների թիվն հասնում է մի քանի հազարի: «Ներկա պահին իմ ձեռքի տակ է մի քանի հարյուրի հասնող խախտումների ցանկը, որոնք վերաբերում են ընտրողների անուններին: Շատ հաճախ նույն ընտրողի անուն, ազգանուն, հայրանունը հանդիպում է մի քանի տարբերակներով, որտեղ մի դեպքում սխալմամբ գրված է անունը, մյուս դեպքում` ազգանունը, իսկ երրորդ դեպքում` հայրանունը: Կամ էլ ընտրացուցակում մի քանի անգամ կրկվում է նույն մարդու անձնական տվյալները, ով գրանցված է նույն հասցեում, սակայն ծննդյան թիվը տարբեր է: Բանը հասել է նրան, որ ընտրողներից մեկի հայրանունը դարձել է Օլյա:

Օսկանյանը նաեւ նշել է, որ այդ սխալները չեն կարող տեխնիկական վրիպակներ լինել: «Դա արվել է կանխամտածված, այնպես որ, ամեն մեկը կարող է ազատություն տալ իր երեւակայությանը եւ պատկերացնել, թե ինչպես կարող են իշխանություններն օգտագործել այդ սխալներն ու վրիպակները»,-ասել է ԲՀԿ-ականը:

Նրա խոսքով, քանի որ իշխանությունները ժամանակ, եւ առավել եւս, ցանկություն չունեն վերանայել ընտրացուցակները, մնում է մեկ ճանապարհ` հրապարակել քվեարկած ընտրողների ցուցակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ