News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ավարտել է նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում: ՀՀԿ նախագահը հանդիպել է մարզի Դիլիջան քաղաքի ընտրողների հետ:

Հանրապետական կուսակցության նախագահը Տավուշից մեկնել է Լոռու մարզ, որտեղ նախընտրական հանդիպումներ է ունեցել Տաշիր, Ստեփանավան, Արեւաշող, Սպիտակ, Վանաձոր քաղաքային եւ գյուղական համայնքների բազմաթիվ ընտրողների հետ:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ՀՀԿ նախագահը ներկայացրել է անցած հինգ տարիներին կառավարող քաղաքական ուժի կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Դիլիջանում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ առողջարանային ու զբոսաշրջային կենտրոնի երբեմնի համբավ ունեցող Դիլիջանում բազմաթիվ ծանրակշիռ գործեր են սկսվել, զգալի ներդրումներ են արվել, որոնք մասնավոր հատվածի եւ պետության համագործակցության արդյունքն են նաեւ: «Տարածքների համաչափ զարգացման մեր հայեցակարգի համաձայն՝ նույնիսկ մայրաքաղաքից այստեղ են տեղափոխվում համապետական որոշ կառույցներ: Դիլիջանը, այսպես ասած, «մասնագիտանում» է: Մյուս տարի շահագործման կհանձնվի ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնը: Դեռ շատ բան է փոխվելու Դիլիջանում, բայց որ ամենակարեւորն է՝ միջավայրն է փոխվելու, քաղաքի կերպարն ու ընկալումն է փոխվելու բոլորի կողմից»,- նշել է Սարգսյանը:

Լոռու մարզի բնակավայրերում ընտրողների հետ հանդիպմանը եւս ՀՀԿ նախագահը, տարածաշրջանի առանձնահատկություններից ելնելով, խոսել է մարզում եւ նրա առանձին բնակավայրերում իր գլխավորած կուսակցության կողմից իրականացվելիք ծրագրերի մասին, ամփոփել վերջին տարիներին արված աշխատանքի արդյունքները:

Ստեփանավանում Հանրապետական կուսակցության նախագահը խոսել է նաեւ ուժեղ պետություն ստեղծելու ուղղությամբ իրականացվող քայլերի մասին, անդրադարձել այս օրերին հակառակորդի կողմից սահմանված հրադադարի խախտման դեպքերին եւ ընդգծել դրանց համապատասխան արձագանք տալու անխուսափելիությունը. «Այս օրերին ադրբեջանական կրակակետերից շարունակում են գնդակոծել մեր տարածքները: Վերջին դեպքերին տեղյակ եք. նախ մանկապարտեզ հայտնվեց կրակահերթերի կիզակետում, հետո սանիտարական մեքենա: Այս գիշեր ունեցել ենք երեք պայմանագրային զինվորի կորուստ Տավուշի շրջանում: Վիրավորներ էլ ունենք: Չեմ կարծում, թե որեւէ մեկը մեր երկրում դեռեւս կասկածում է համապատասխան արձագանքի անխուսափելիությանը: Չեմ կարծում, թե որեւէ մեկը կասկածում է մեր պաշտպանական ուժերի հզորությանը: Թող ոչ ոք չկարծի, թե կարող է օգտվել մեր երկրում տեղի ունեցող գործընթացներից կամ մտածի, որ ընտրություններ են՝ գլուխները խառը կլինեն:

Մենք ինչ ստեղծել ենք, ստեղծել ենք ամուր: Ու այսուհետ եւս նույն կերպ շարունակելու ենք: Ամուր բանակին այժմ ավելացնելու ենք ամուր տնտեսությունը եւ ապահովելու ենք իր հողին ամուր կանգնած հայաստանցու բարեկեցությունը: Ես սրանում կասկած չունեմ:

Մենք կառուցում ենք ուժեղ պետություն»,-ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սպիտակ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը կառավարող քաղաքական ուժի ղեկավարը վստահեցրել է, որ պետությունը մինչեւ վերջ կանգնելու է 1988թ. երկրաշարժից տուժածների կողքին եւ լուծելու է նրանց բոլորի խնդիրը: Սերժ Սարգսյանը նշել է, որ տեսանելի է այն ժամանակը, երբ Սպիտակում բնակարանային խնդիրներ չեն լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ