News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, Կոմկուսի եւ ՀԴԿ-ի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են Հայաստանից բացակայողների խնդրին:

Հայտարարությունում ասվում է.

«Մենք` Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները ուսումնասիրեցինք ՀՀ Կառավարությանն  առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունները: Պարզվեց, որ ՍԷԿՏ համակարգը պարունակում է ոչ թե անձանց Հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ, այլ միայն տվյալներ սահմանային կետերը հատելու վերաբերյալ: Ընդ որում համակարգը ունի սահմանափակումներ, պայմանավորված այն հանգամանքով, որ տարբեր սահմանային կետերը միացվել են համակարգին տարբեր ժամանակահատվածներում: Վերոնշյալով պայմանավորված համակարգը   չի կարող   երաշխավորել անձի Հայաստանում, կամ  նրա  սահմաններից  դուրս  գտնվելը փաստի  ստույգ հաստատումը: Մենք հանգեցինք նաեւ այն եզրակացության, որ այդ համակարգը հնարավորություն չի տալիս ավտոմատ կերպով մշակել ընտրողների ցուցակը, կատարելով նշում այս կամ այն անձի Հայաստանում գտնվելու վերաբերյալ: 

Միաժամանակ կարեւորելով ընտրությունների ժամանակ երկրից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը եւ նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետեւյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա  տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքերը անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու:

Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակներով` ա.  ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ. իրավախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս:

Սույն հայտարարությանը կարող են միանալ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ