Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում կնշվի Ջազի միջազգային օրը. տոնին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ ջազմեններին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջազի հայ վարպետներին Հայասատանի եւ մասնավորապես Երեւանի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար: «Անչափ կարեւոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական այս ուղղության` ջազի պրոպագանդման ասպարեզում: Վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության եւ մայրաքաղաքի մշակութային կյանքին, այդ թվում նաեւ երաժշտարվեստին ցուցաբերվող մշտական ուշադրության եւ աջակցության համար:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ջազի միջազգային օրվան նվիրված մեծ նվեր կմատուցվի մայրաքաղաքի երաժշտասերներին: Ջազի սիրահարները ապրիլի 30-ին, ժամը 20:00-ից մինչեւ ուշ գիշեր, Կասկադ համալիրի հարակից տարածքում հնարավորություն կունենան ջազի հայ վարպետների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները:




























