News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քաղաքական բոլոր ուժերը կարող են միանալ հինգ քաղաքական ուժերի հայտարարությանը, որով Ազգային անվտանգության ծառայությունից խնդրում են տրամադրել քվեարկությանը մասնակցած այս կամ այն քաղաքացու տվյալները: Այդ մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով, իրենք արդեն նախնական քննարկումներ են իրականացրել ԱԱԾ-ի հետ, եւ դրական տպավորություն են ստացել: Նշենք, որ հայտարարությունը տարածել են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, Կոմկուսը եւ ՀԴԿ-ն: Դավիթ Հարությունյանը ԲՀԿ-ի ստորագրության բացակայությունը բացատրել է այն փաստով, որ ԲՀԿ-ի ներկաայցուցիչը չի մասնակցել քննարկումներին, սակայն հույս է հայտնել, որ «Բարգավաճ Հայաստանը» կմիանա: Ի դեպ, քննարկումներին կտրականապես հրաժարվել է մասնակցել Հայ ազգային կոնգրեսը:

Անդրադառնալով ընտրությունների վերահսկման միասնական շտաբի կողմից Սահմանադրական դատարան դիմելու փաստին` Դավիթ Հարությունյանն ասել է, թե դա քաղաքական քայլ էր: «Ընտրություններին մասնակցածների ցուցակների հրապարակումը օրենսդիրի իրավասությունն է: Եվրոպական կոնվենցիաներն ասում են, որ ստորագրված ցուցակները չի կարելի հրապարակել»,- նշել է Հարությունյանը` հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթով «Քանի որ ընտրություններին չմասնակցելը եւս կամքի արտահայտում է, մասնակիցների ցուցակները չպետք է հրապարակվեն»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի պահվածքը, Դավիթ Հարությունյանը նշել է. «ԲՀԿ-ի իրենց քայլը հետապնդում է նախընտրական քարոզչության տարր: Ուղղակի նույնիսկ ժամանակային առումով հնարավոր չէ հասցնել: Այդ քայլի տակ բովանդակային ոչինչ չկա»:

Նշենք, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, Կոմկուսի եւ ՀԴԿ-ի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են Հայաստանից բացակայողների խնդրին: «Միաժամանակ կարեւորելով ընտրությունների ժամանակ երկրից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը եւ նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետեւյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա  տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքերը անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու:

Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակներով` ա.  ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ. իրավախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս:»,- ասված է հայտարարության մեջ:

ԻՍԿ միասնական շտաբին մաս կազմող ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն որոշել են դիմել ՍԴ` ընտրություններին մասնակցող անձանց ցուցակները հրապարակելու խնդրանքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ