News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելառուսի հասցեին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությունն անհիմն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել է, որ 1990-ականներին անցկացված բարեփոխումները, այդ թվում գների ազատականացումը ճիշտ են եղել, հակառակ դեպքում Հայաստանը լուրջ մարտահրավերների առաջ կկանգներ եւ կմնար այնպիսի երկիր, ինչպիսին Բելառուսն է, որտեղ ոչ մի բարեփոխում չի կատարվել:

Կոմկուսի ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսը նախկին ԽՍՀՄ միակ երկիրն է, որտեղ 1990-ականներին տնտեսությունը չի թալանվել, երկրում չկա կոռուպցիա, չկա գործազրկություն, աշխատում է արդյունաբերությունը:

«Տեր-Պետրոսյանի վերջին արտահայտությունները պայմանավորված են նրա  խրոնիկ արեւմտամետ հայացքներով եւ նորություն չեն: Վերջին 20 տարում նա իր ոչ մի սկզբունքից չի հրաժարվել, որոնց վնասաբերությունը Հայաստանի համար վաղուց ապացուցված է»,-ասել է Թովմասյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ Կոմկուսը կողմ է արտահայտվում Հայաստանում օտարալեզու, մասնավորապես, ռուսալեզու դպրոցների վերաբացմանը, որոնք փակվել են Հայաստանի անկախության առաջին տարիներին: Այս կապակցությամբ, Ռուբեն Թովմասյանը նշել է, որ նման որոշումը չի համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ոգուն: «Կոմկուսն այդ հարցում հետեւողական է լինելու եւ հայ երեխաների ռուսական դպրոցներ հաճախելու արգելքը վերացնելու օրինագիծը կլինի առաջիններից մեկը, որը Կոմկուսը կներկայացնի խորհրդարան, եթե անցնի ԱԺ»,-ասել է Թովմասյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության առաջին տարիներին որոշում էր կայացվել, որ ազգությամբ հայ երեխաները պետք է հաճախեն միայն հայկական դպրոց, քանի որ օտար լեզվով կրթություն ստացող երեխայի լեզվամտածողությունը հայերեն չէ: Հաշվի էր առնվել նաեւ այն, որ ըստ մասնագետների, այդ ժամանակ Հայաստանի բնակչության մոտ 30 տոկոսի կրթությունը ռուսական էր եւ ռուսախոս բնակչության թիվն օրեցօր աճում էր:

Նշենք նաեւ, որ նախորդ տարի կառավարության նախաձեռնությամբ, փոփոխություններ են կատարվել օրեսդրության մեջ եւ մասամբ հանվել է այդ արգելքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ