Մայիսի 2-ի գիշերը` «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացումից մեկ տարի անց, անակնկալ կերպով Քաբուլ է այցելել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Քաբուլում ամերիկյան նախագահը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ համաձայնագիր է ստորագրել ռազմավարական գործընկերության մասին, ինչպես նաեւ 10-րոպեանոց հեռուստակոչ  է ուղղել ամերիկացիներին` կարեւոր հաղորդագրությամբ. «առաքելությունն իրագործված է», իսկ 10 տարի շարունակվող պատերազմի վերջը եկել է: 

«Մեկ տարի առաջ Աֆղանստանի այս ռազմակայանում մեր զորքերը գործողություն իրականացրին, որի ընթացքում ոչնչացվեց Ուսամա բեն Լադենը: Իմ առջեւ դրված նպատակը` «Ալ Կաիդայի» ոչնչացումը  եւ նրա վերականգնումը թույլ չտալը, մոտ է իրականանալուն», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը` ելույթ ունենալով Բահրամի ռազմակայանում:

Այցի գլխավոր արդյունքը եղել է ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի միջեւ կնքված ռազմավարական համաձայնությունը` 2014  թվականին ՆԱՏՕ-ի զորքերի մեծամասնության դուրսբերումից հետո երկրում ամերիկյան ներկայության վերաբերյալ: Համաձայնագիրն ԱՄՆ-ին իրավունք է տալիս Աֆղանստանոմ իր ներկայությունը եւս 10 տարի պահպանել ISAF-ի նախատեսված դուրս բերումից հետո: Համաձայնությունը պարունակում է նախագահ Քարզային քաղաքական վստահեցումներ այն մասին, որ Ամերիկան 2014 թվականից հետո Քաբուլին չի թողնի ճակատագրի եւ թալիբների քմահաճույքին, հայտնում է «Ռոսիսյկայա գազետան»:

Իր ելույթում Օբաման առաջին անգամ ընդունել է, որ Վաշինգթոնն իսկապես մասնակցում է Թալիբանի հետ անմիջական  բանակցություններին եւ հուսով է թալիբների մասնակցությանը քաղաքական կայունացման գործընթացում, սակայն իսլամական «Ալ Կաիդա» շարժման հետ  բոլոր կապերի խզման պայմանով:

Ինչպես Բահրամի ռազմակայանում նշել է Օբաման, նա հասկանում է, որ «ամերիկացիները հոգնել են պատերազմից», եւԱՄՆ-ն իր զորքերի քանակը կկրճատի եւս 23 հազար զինծառայողներով մինչեւ այս տարվա վերջ: Աֆղանստանի անվտանգության ուժերին մինչեւ 2014 թվականը կաջակցեն 68 հազար ամերիկյան զինվորականներ: