News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընտրապայքարն ավարտվում է, եւ մեր ընտրողներն արդեն իրենց պատկերացումներն ունեն թեկնածուների եւ նրանց ծրագրերի մասին: Այդ մասին Աբովյանում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ նախագահը այսօր` մայիսի 2-ին քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչներին:

«Մենք պահպանողական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք ձգտում ենք ձեւավորել այնպիսի հասարակություն, որն ունի արժեքային կայուն համակարգ եւ առաջնորդվում է հստակ սկզբունքներով: Մեզ համար առաջին տեղում մարդու եւ ազգի անվտանգությունն է: Առանց այդ անվտանգության, մնացած ամեն ինչի մասին միանգամից կարելի է մոռանալ: Սա հիմքերի հիմքն է, մեր գոյության խարիսխը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով մարդու անվտանգության մասին` Հայաստանի նախագահը նշել է, թե նա պիտի լինի պաշտպանված եւ ապահով թե տանը, թե փողոցում, թե աշխատավայրում: «Պաշտպանված եւ ֆիզիկապես, եւ իրավական առումներով: Մենք դա անում ենք հետեւողականորեն: Նաեւ կատարելագործում ենք առկա մեխանիզմները: Եվ ոստիկանությունում, եւ դատաիրավական համակարգերում մենք նախաձեռնել եւ իրականացնում ենք լրջագույն փոփոխություններ, որոնք ուղղված են հենց մարդու ապահովությանն ու պաշտպանվածությանը: Օրինապահ քաղաքացին մեծագույն հարստություն է յուրաքանչյուր պետության համար, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդպիսի քաղաքացին խաղաղ եւ հանգիստ լինի եւ իրեն զգա երկրի տերը»,- նշել է Սարգսյանն ու հավելել. «Անհատը չի կարող պաշտպանված լինել, եթե որեւէ պետական պաշտոնյան նրանից կաշառք է ակնկալում: Հենց այդ պատճառով էլ մենք ձեռնարկել ենք միջոցառումների մի ամբողջ շարք նման ռիսկերը նվազեցնելու եւ նվազագույնի հասցնելու նպատակով: Փողոցներում ճանապարհներին տեսախցիկների տեղադրումից սկսած մինչեւ նոտարական գրասենյակներ ու կադաստր մենք աշխատաոճ ենք փոխում, սկզբունքներ ենք փոխում: Եվ փոխում ենք արմատական ձեւով: Մենք հիմնավորապես կրճատում ենք բյուրոկրատական քաշքշուկները՝ հարկային մարմիններից մինչեւ մանկապարտեզ: Սրանք մանրուքներ չեն, որովհետեւ կարող են թունավորել մարդու կյանքը կամ առնվազն փչացնել նրա տրամադրությունը: Մեր քայլերն ուղղված են կանոնակարգելու  պետության եւ քաղաքացու հարաբերությունները եւ բացառելու լարվածությունն ու անվստահությունն այդ հարաբերություններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ