News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի որոշմամբ կապամոնտաժվեն Մաշտոցի պողոտայի 22/1 հասցեում գտնվող զբոսայգու հարակից տարածքում տեղադրված տաղավարները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանց փոխանցմամբ` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012 թ. № 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երեւան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011 թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը:

Համաձայն քաղաքապետի որոշման` «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները եւ իրականացնել բարեկարգման աշխատանքներ:

Սույն որոշման կատարման կազմակերպումը եւ պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում»  փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա: Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

Նշենք, որ երկու ամսից ավելի է մի խումբ ակտիվիստներ պայքարում են Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ, նրանք ամենօրյա հսկողության տակ են վերցրել այգին եւ չեն հեռանում այնտեղից, քանի դեռ կրպակները չեն ապամոնտաժվել: Ստեղծվել են նաեւ ապամոնտաժող բրիգադներ, որոնք բազմիցս փորձել է ապամոնտաժել կրպակները: Ապրիլի 29-ին ոստիկանները ակտիվիստներից 7-ին բերման էին ենթարկել ոստիկանության բաժին, ապա ազատ արձակել: Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մայիսի 1-ին այցելել է Մաշտոցի պուրակ: Նա շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները: Այնուհետեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել կրպակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ