News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխող կոալիցիան ներկայացնող կուսակցությունները մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում ստանալու են մանդատների առյուծի բաժինը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ըստ ԿԸՀ նախնական արդյունքների, ստացել է 44,05 տոկոսը եւ համամասնական ընտրակարգով ընտրվող 90 պատգամավորներից 40-ը լինելու են հանրապետականներ: ՀՀԿ-ական եւս 29 թեկնածուներ հաղթանակ են տարել մեծամասնական ընտրակարգով, ինչը հանրապետականին հնարավորություն է տալիս ԱԺ-ում ունենալ կեսից ավելի պատգամավորներ: Նախորդ` 2007թ. ընտրություններից հետո ՀՀԿ-ն իր արդյունքը բարելավել է 5 մանդատով: ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորում էր նախագահ Սերժ Սարգսյանը, որին հաջորդում էին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Առայժմ հստակ չէ, թե ովքեր մեծամասնական ընտրակարգով պատգամավոր կդառնան, քանի որ ցուցակում ընդգրկված տասնյակ անձինք կարող են հրաժարվել մանդատից եւ աշխատանքի անցնել գործադիրում:

Ամենամեծ առաջընթացը գրանցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Չորրորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ-ն ուներ 25 հոգանոց խմբակցություն, իսկ 5-րդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ-ն կունենա 36 պատգամավորներով խմբակցություն: Ընդ որում, մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԲՀԿ-ական գրեթե բոլոր թեկնածուները հաղթանակ են տարել (թվով 8 թեկնածու), իսկ կուսակցության ստացած 30,7 տոկոսը թույլ է տալիս ԱԺ-ում ունենալ 28 պատգամավոր: ԲՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին եռյակում ընդգրկված են Գագիկ Ծառուկյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Ազգային Ժողովի մեծությամբ երրորդ խմբակցությունը կունենա ընտրություններում 7,1 տոկոս ստացած Հայ ազգային կոնգրեսը, որը, թերեւս, կստանա 7 մանդատ: ՀԱԿ-ի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր չունի, իսկ դաշինքի ընտրացուցակի առաջին յոթ հոգին են` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, Արամ Սարգսյան կուսակիցները չեն բացառել, որ նա կարող է հրաժարվել մանդատից եւ նման զարգացման դեպքում պատգամավորի մանդատը բաժին կհասնի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:

Ազգային Ժողովում 6-ական պատգամավորներից բաղկացած խմբակցություն կունենան ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը: Այդ կուսակցությունների ներկայացուցիչներից մեկական անձինք հաղթանակ են տոնել մեծամասնական ընտրակարգով, Արայիկ Գրիգորյանը` թիվ 18, եւ Կարեն Բոթոյանը` թիվ 23 ընտրատարածքներում:

ՀՅԴ համամասնական համամասնական ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված են Վահան Հովհաննեսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշ Շահբազյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը: ՕԵկ համամասնախան ընտրացուցակի առաջին հնգյակում են Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանն ու Խաչիկ Հարությունյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը ԱԺ-ում կունենա 5 պատգամավոր` Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Ռուբեն Հակոբյանը: Նոր գումարման ԱԺ-ում չենք տեսնի «Ժառանգության» ակտիվ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Անահիտ Բախշյանին, Լարիսա Ալավերդյանին:

Ազգային Ժողովը կունենա երկու անկախ պատգամավորներ` Էդմոն Մարուքյանը թիվ 30 ընտրատարածքից, եւ Մարինա Մարաբյանը` թիվ 40-ից: Մարուքյանը ջախջախիչ հաղթանակ է տարել հանրապետական Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ, իսկ Մարաբյանը ԱԺ-ում հայտնվել է ՀՀԿ-ի աջակցությամբ:

Այսպիսով, ներկայումս գործող կոալիցիան կստանա ԱԺ 131 մանդատներից 111-ը: Կպահպանվի՞ արդյոք գործող կոալիցիան, թե՞ այլ վերադասավորումներ կլինեն, պարզ կլինի առաջիկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ