News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության օրվա առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հավատավոր զավակներ մեր ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս,

Համայն հայության հոգեւոր օրրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու Խաղաղության օրվա բերկրալի առիթով:

Այսօր նշվում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, որ տոն է խաղաղության, չարիքի ու ատելության դեմ բարու եւ եղբայրսիրության հաղթանակի: Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում սիրտը յուրաքանչյուր հայորդու, քանզի քսան տարիներ առաջ այս օրը` մայիսի 9-ին,  ազատագրվեց հայրենի մեր Արցախ աշխարհի սիրտն հանդիսացող Շուշին: Շուշիի ազատագրումը դարձավ արցախաբնակ մեր հայորդիների ազատության եւ ինքնորոշման աստվածադիր իրավունքի պաշտպանության հաղթական պայքարի առանցքային հանգրվաններից մեկը` ոսկե տառերով գրվելով ազգային մեր արդի պատմության տարեգրության մեջ:

Հոբելյանական այս օրը  խոնարհումով ենք հիշում Մեծ Հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի տարիներին անձնուրացորեն սեփական կյանքը Հայրենիքին զոհաբերած մեր քաջազուն զավակներին` հայցելով, որ բարեգութ տերն հանգստություն պարգեւի նրանց հոգիներին ու հանգչեցնի իր լույս օթեւանների մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ