News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ ռազմական փորձագետները շատ բարձր են գնահատում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված զորահանդեսը (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ  Արծրուն Հովհաննիսյանը, շքերթում ներկայացվել է ռազմական նոր տեխնիկա: Խոսքը միանգամայն նոր որակի մասին է` հաշվի առնելով, որ  նոր սպառազինությունն ունի  ոչ միայն պաշտպանողական եւ հակահարձակման բնույթ, այլեւ կարող է օգտագործվել  նախազգուշական նպատակներով: Ռազմական փորձագետը նշել է Պաշտպանության բանակի կատարելագործման կարեւորությունը: Խոսելով զորահանդեսում ցուցադրված անօդաչու թռչող սարքերի մասին` Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ դրանք նախորդ տարվա աշնանը Երեւանում ցուցադրված սարքերը չէին:  «Դա վկայում է հայ ռազմարդյունաբերական համալիրի ակտիվ աշխատանքի մասին», - ընդգծել է նա:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանի խոսքով` Ստեփանակերտի զորահանդեսն արժանի է ամենաբարձր գնահատականի, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը փոքր հանրապետություն է:

«Իհարկե, չի կարելի Լեռնային Ղարաբաղի զորահանդեսը համեմատել, օրինակ Ռուսաստանի նման երկրի հզորության հետ, բայց, հաշվի առնելով նրա չափերը, շքերթի որակն ու ծավալը տպավորիչ են», - նշել է Հրաչյա Պետրոսյանը: Նա հատուկ ընդգծել է ղարաբաղյան մարտիկների դեմքի արտահայտությունը: Ռազմական փորձագետը նաեւ ուշադրություն է դարձրել հայկական  անօդաչու թռչող սարքերին`նշելով, որ դրանք տարբերվել են Երեւանում ցուցադրվածներից: 

«Դա, ինչպես նաեւ ժամանակակից հրթիռային սպառազինության ցուցադրումը շատ բանի մասին է վկայում», - նշել է Հրաչյա Պետրոսյանը` հավելելով, որ  21-րդ դարի պատերազմները հրթիռային եւ հրետանային պատերազմներ են, եւ Պաշտպանության բանակը ցույց տվեց, որ իրավիճակի է խոցել թշնամական ցանկացած թիրախ:

Հիշեցնենք, մայիսի 9-ին  Ստեփանակերտում անցկացվել է ռազմական շքերթ` նվիրված Շուշիի ազատագրման եւ Պաշտպանության բանակի հիմնադրման 20-ամյակին, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 67-րդ տարեդարձին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ