News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ժամանակի ընթացքում անպտղությունն ավելի է տարածվել թե’ կանանց, թե’ տղամարդկանց շրջանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ- սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Նախեւառաջ, բժշկի խոսքով, անպտղություն է համարվում այն դեպքը, երբ առանց հակաբեղմնավորիչների օգտագործման ամուսնական զույգն ապրում է նորմալ սեռական կյանքով, բայց մեկ տարվա ընթացքում հղիություն չի գրանցվում: «Ըստ որում՝ տարբերակում ենք առաջնային եւ երկրորդային անպտղություն: Առաջնային է կոչվում այն անպտղությունը, որը ծագել է ամուսնական կյանքից սկսած, իսկ երկրորդային անպտղությունն այն է, երբ զույգն ունեցել է  երեխա, բայց որոշ ժամանակ անց ինչ-ինչ պատճառներով զույգը չի կարողանում երեխա ունենալ»,-ասաց նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների համաձայն՝ այն երկիրը, որտեղ անպտղությունը գերազանցում է 15 տոկոսը, լրջագույն աղետի առաջ է կանգնած: «Այնինչ Հայաստանում անպտղությունը անցել է 15 տոկոսի շեմը եւ մոտեցել է 20 տոկոսին»,- նշեց նա՝ հավելելով, որ այսօր կլինիկա դիմող ամեն երրորդ զույգ անպտղության խնդիր ունի: Ըստ ուսումնասիրությունների՝ Հայաստանում անպտղության պատճառների կեսը կանանց ուսերին է, կեսը` տղամարդկանց: «Պետք է մտածելակերպից արմատախիլ անենք այն սկզբունքը, որ անպտղության դեպքում միայն կինը ստուգվի, հավասարապես երկուսն էլ պետք է ստուգվեն»,- նշեց նա:

Սեքսոպաթոլոգի փոխանցմամբ՝  արդյունքում անպտղության խնդիրը Հայաստանում վերածվել է ոչ թե բժշկական, այլ բժշկասոցիալական եւ համազգային խնդրի, այսինքն, անպտղությունը գործոն է դարձել, որն ազդում է վերարտադրողական առողջության ցուցանիշների եւ ամենակարեւորը՝ ժողովրդագրության վրա: Վրեժ Շահրամանյանի խոսքով՝ յուրաքանչյուր չորրորդ դեպքում անպտղությունն ամուսնալուծության պատճառ է դառնում, ինչը եւս մտահոգիչ է:

Ամփոփելով՝ նա կարեւորեց պետության կողմից «լուսավորչական գործ անելը», որ  մարդիկ տարեկան մեկ անգամ գոնե ստուգվեն եւ սեռապես գրագետ լինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ