News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզում, մայիսի 8-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Ռուբեն Հակոբյանը, ըստ NEWS.am-ի տեղեկությունների, երգիչ Կարեն Հակոբյանն է (նա երգարվեստում հայտնի է հենց Կարեն Հակոբյան անուն ազգանունով):

Նշենք, որ Կարեն Հակոբյանը վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում եւ նոր էր վերադարձել Հայաստան: Նրա վերջին հայտնի տեսահոլովակը «Սիրել եմ»-ն է: Սպանվածի հետ նա ազգակցական կապեր է ունեցել: Վերջինս դեռեւս անհայտ պատճառներով զանգել եւ սպառնացել է Կարեն Հակոբյանին, անպատվել, ինչն էլ նրան դրդել է այդ քայլին:

NEWS.am-ը  սույն տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց ոստիկանություն, որտեղից  ընդամենը տեղեկացրեցին, որ մայիսի 8-ի երեկոյան, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները Պռոշյան փողոցում ծառայություն կատարելիս կրակոցներ են լսել, վազել են ձայնի ուղղությամբ եւ Պռոշյան-29 շենքի հետնամասում նկատել գետնին ընկած վիրավոր տղամարդու:

Ոստիկանները շտապօգնության մեքենայով վիրավորին տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ տուժողն Աշտարակի բնակիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանն է: Նրա աջ ոտքի սրունքին եւ ձախ ոտքի ստորին ու վերին հատվածներում առկա են եղել թափանցող վերքեր, եւ 15 րոպե անց նա արյունահոսությունից մահացել է:

Ձեռնարկված ծավալուն օպերատիվ եւ քննչական միջոցառումների արդյունքում, ժամեր անց պարզվել է սպանությունը կատարողի ինքնությունը՝ Աշտարակի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Հակոբյան, ով առավել հայտնի է որպես Կարեն Հակոբյան: Նա ներկայացել է ոստիկանության բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք ու հանձնել հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը՝ փափշտակալով եւ 3 փամփուշտով:

Պարզվել է, որ տուժողի ու Հակոբյանի միջեւ վեճը ծագել էր դեռեւս ամիսներ առաջ:  Օրեր առաջ նրանք պատահական հանդիպել են, նրանց մեջ կրկին վեճ է ծագել, իսկ մայիսի 8-ին հեռախոսային խոսակցության ժամանակ Հովակիմյանը հայհոյախառն սպառնալիքներ է հասցրել Հակոբյանին: Նրանք   պայմանավորվել են հանդիպել, որի ժամանակ էլ հենց կատարվել է սպանությունը:

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել է, որ Արագածոտնի մարզում  մայիսի 8–ին՝ ժամը 20.30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մահացել է Աշտարակ քաղաքի բնակիչ 37-ամյա Արամ Հովակիմյանը: Ոստիկանության փոխանցմամբ` դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 9մմ տրամաչափի երեք պարկուճ եւ 1 գնդակ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ա. Հովակիմյանը աշխատում էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես պարեկ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1–ին մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Հայտնաբերված պարկուճներն առգրավվել են եւ ուղարկվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ