Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մայիսի 9-ի տոնական եւ նախատոնական օրերին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 200 անգամ՝ արձակելով մոտ 700 կրակոց:
Թեեւ հակառակորդի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: