News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Դերսիմի շրջանում 1937-1938 թվականների կոտորածներից փրկված 80-ամյա հայուհի Ֆաթմա Յավուզը նամակ է գրել Թուրքիայի խորհրդարանի Դերսիմի գործերով ենթահանձնաժողով՝ պատմելով իր կրած տառապանքների մասին եւ պահանջելով ներողություն այդ ամենի համար։

Հայուհին պատմել է, որ Դերսիմի կոտորածների ժամանակ իրեն հանձնել են թուրք ընտանիքների, որտեղ ինքը դաժան վերբերունքի է արժանացել։ Նա նշել է, որ իրեն մշտապես ծեծել են, մահակով այնքան են հարվածել ձեռքերին, որ մատներն ամբողջությամբ կոտրտված են։ «13 տարեկանում ինձ ամուսնացրեցին 35 տարեկան մեկի հետ։ Տանջանքներով, տառապանքներով կյանք եմ անցկացրել։ Միայն 1995-ին եմ իմացել, որ 57 տարի թաքուն է պահվել իր հայ լինելու փաստը, իսկ իմ իրական անունն իմացել եմ 78 տարեկանում»,-գրել է Ֆաթմա Յավուզը՝ պահանջելով, որ իրեն վերադարձնեն բռնագրաված իրենց հողերը, գտնեն իր բարեկամներին եւ պաշտոնապես ներողություն խնդրեն։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե եթե պետք լինի, Դերսիմի կոտորածների համար ինքը պետության անունից ներողություն կխնդրի եւ խնդրում է։ Նա Դերսիմի կոտորածների համար մեղադրել էր «Ժողովրդա-հանրապետական»-ին՝ պնդելով, որ այն ժամանակ այդ կուսակցությունն է եղել իշխանության։

Հիշեցնենք, որ Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ