ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է այն փաստին, որ ինքն է վճարել DIY ակումբը պայթեցնողներին ազատ արձակելու գրավի գումարը: Մինչ այդ նա արդեն հաստատել էր, որ իսկապես ինքն է վճարել գրավի գումարը:

Արծվիկ Մինասյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Դատապարտում եմ ակումբի սեփականատերերի  եւ նրանց աջակիցների կողմից երեւույթի անհարկի քաղաքականացումը եւ հատկապես` ՀՅԴ անվան շահարկումը: Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում ձեռք բերել եւ իրենց վրա հրավիրել հանրության ուշադրությունը, ապա խորհուրդ կտամ զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից, առավել եւս, երբ իրենց արդեն հաջողվել է ճանաչում ձեռք բերել իրենց ավելի «հարազատ միջավայրում»:

Իբրեւ Ազգային ժողովի պատգամավոր` բազմիցս եմ նշել, որ Հայաստանում կալանավորումը` որպես խափանման միջոց, պետք է կիրառվի խիստ հազվագյուտ դեպքերում, այլ ոչ թե դառնա հաճախ կիրառվող պրակտիկա: Այս անձնական համոզումս ժամանակին հիմք է հանդիսացել, որ անձնական երաշխավորությունը կամ գրավը` որպես կալանավորման այլընտրանքային միջոց կիրառելու նախաձեռնությամբ, հանդես գամ թե’ օրենսդրական առաջարկների ձեւով եւ թե’ մասնավոր դեպքերում:

Դրական համարելով դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց կիրառելու որոշումը` հույս ունեմ, որ Հայաստանի իրավական համակարգը, ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ դատական քննության ընթացքում ի զորու կլինի երեւույթին տալ իրավական ճշմարիտ գնահատական:

Ուստի առաջարկում եմ չփորձել ավելորդ ճնշում գործադրել արդարադատության համակարգի նկատմամբ»:

Այս հայտարարությանը միացել է նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանում DIYակումբի ղեկավար Արմինե Օգանեզովան (Ծոմակ) հայտարարել է, որ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Ծոմակը հայտարարել է, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:

Դրանից հետո Արծվիկ Մինասյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ ինքն է վճարել ակումբը պայթեցնողներին ազատ արձակելու գրավը: Նա իր խոսքում, ասել էր հետեւյալը. «Ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության եւ ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձեւով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի»: