Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մայիսի 17-ին, ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային (Diego Ernesto Alvarez Rivera)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի եւ Արգենտինայի ժողովուրդներին միավորում են երկարամյա բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ, որոնք լավ հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություններ է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա նոր լիցք կհաղորդի բոլոր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, եւ վստահեցրել, որ կանի առավելագույնը երկկողմ փոխգործընկերության առավել ամրապնդման համար:
Զրուցակիցները քննարկել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին, իրավա-պայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, տնտեսական փոխգործակցության եւ մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանն ընդգծվել է արգենտինահայ համայնքի կարեւոր դերակատարությունն ու ներդրումը երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման գործում:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ռիվերան մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ: