News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների հարցերով միջազգային անկախ «Business & Human Rights Resource Centre» կազմակերպությունը Բաքվում հյուրանոցների կառավարիչ համարվող յոթ ընկերությունից պատասխան է պահանջել այն տեղեկությունների վերաբերյալ, ըսոտ որոնց հյուրանոցների համարներում թաքնված տեսախցիկներ են տեղադրվում սեքսով զբաղվող հյուրերին նկարահանելու եւ հետագայում նրանց շանտաժի ենթարկելու համար, գրում է «CSRwire»-ը:

Զոհերի շարքում եղել են լրագրողներ եւ կառավարությանը քննադատողներ: Անցած տարի, օրինակ,  երկու ընդդիմադիր լրագրողների նկարահանել էին սեքսով զբաղվելու ժամանակ եւ հետագայում դա ցուցադրել նախագահ Ալիեւի զարմիկին պատկանող հեռուստատեսությամբ:

Տուժածներից մեկը հայտարարել է, որ նրանք, ովքեր «Եվրատեսիլի» կապակցությամբ այցելելու են Ադրբեջան, պետք է իմանան, որ հյուրանոցային համարներում երբեմն տեսախցիկներ են տեղադրվում: Ադրբեջանական «Ազատ երիտասարդություն» կազմակերպությունը մարտին հանդես էր եկել հայտարարությամբ, որում զգուշացնում էր զբոսաշրջիկներին ոչ մի դեպքում սեքսով չզբաղվել, քանի որ հյուրանոցային համարներում թաքնված տեսախցիկներ են տեղադրված:

«Business & Human Rights Resource Centre» -ը խնդրել է յուրաքանչյուր հյուրանոցի պատասխանել, թե ինչ է արվում իրենց տարածքում նման չարաշահումները կանխելու համար:

«Business & Human Rights Resource Centre»-ի տնօրեն Քրիստոֆեր Ավերին կատարվածը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի բոլոր հյուրանոցները կդիմակայեն տեսախցիկներ տեղադրելու բոլոր փորձերին, այսինքն` մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմանը: Եթե հետագայում նույնպես ստացվեն թաքնված տեսախցիկների մասին տեղեկություններ, մենք դրա վրա կհրավիրենք ողջ միջազգային հանրության ուշադրությունը»:

Իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում` «Human Rights Watch»-ը, մտահոգություն են հայտնել «Եվրատեսիլ» մրցույթի նախաշեմին Ադրբեջանի կառավարության կողմից թույլ տրվող խախտումների մասին: «Business & Human Rights Resource Centre»-ը դիմում է «Եվրատեսիլի» հովանավորներին` պատասխանելու մարդու իրավունքների հետ կապված անհանգստություններին: Պատասխանները կհրապարկվեն մայիսի  23-ին այն ընկերությունների ցուցակի հետ, որոնք չեն արձագանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ