News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանն Ադրբեջանին չի զիջի Դավիդ Գարեջիի վանական համալիրը,  որը տեղակայված է ադրբեջանա-վրացական սահմանին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների վրացական  հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին` ավելացնելով, որ կգտնվի այլ, փոխզիջումային լուծում: Փորձագետի կարծիքով, իրավիճակի հետ կապված լարվածության աճ եւս չի ակնկալվում:

«Կոնֆլիկտների, բախումների, առավել եւս, պատերազմների մասին խոսք լինել չի կարող: Սա սահմանագծման հարց է, եւ դա պետք է որոշվի հանձնաժողովների, պատմաբանների, աշխարհագրագետների, ոչ թե զինվորականների կողմից: Պարզապես հակամարտող կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ դա իր հողն ու իր պատմամշակութային ժառանգությունն է,  որի շուրջ էլ տեղի է ունենում ողջ իրարանցումը: Սակայն գործը դրանից ավելի հեռու չի գնա, կկարգավորեն»,-հայտարարեց Ռոնդելին:

Քաղաքագետների կարծիքով` ամեն դեպքում փոխզիջում կգտնվի, թեեւ ինչքան մեծ հնչեղություն ստանա հարցը, այնքան դժվար կլինի դա անել: «Երկու երկրների առաջնորդները գործընթացը պետք է ճիշտ հուն ուղղորդեն, հետո գործով կզբաղվեն արտգործնախարարությունները, անվտանգություն ծառայություններն ու այլ մարմինները»,- նշեց փորձագետը:

Ռոնդելին դժվարացել է պատասխանել հարցին, թե ինչպես է պատկերացնում վրաց-ադրբեջանական վեճի կարգավորումը. «Կան մի քանի տարբերակներ: Ոչ ոք չի պատրաստվում զիջել Դավիդ Գարեջին, բայց կարելի է պայմանավորվել տարածքների փոխանակման, տարածքի ընդհանուր կարգավիճալի մասին եւ այլն»,-նշել է Ռոնջելին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ադրբեջանը սահմանապահ կետ էր տեղակայել վիճելի տարածքում` Թբիլիսիից 60 կմ հարավ-արեւելք: Վանականների խոսքով` ադրբեջանցի սահմանապահները վրացի զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս համալիրի տարածքի մյուս հատվածում լինել: Մայիսի 20-ին Թբիլիսում բողոքի երթ կանցկացվի` ի պաշտպանություն վանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ