News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հանրապետություն» կուսակցությունը դուրս գալը Հայ ազգային կոնգրեսի կազմից կանխատեսելի էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Յուրաքանչյուր ուժ, որ դուրս է գալիս ՀԱԿ-ից կամ ուզում է  դուրս գալ, ցավալի է, բայց  ես պետք է ասեմ, որ ՀԱԿ-ը կշարունակի ապրել, լավ նորություններ էլ կան, որոշ ուժեր, նոր մարդիկ ներս են գալիս: Կոնկրետ այս դեպքը կանխատեսելի էր»,- նշեց Հրանտ Բագրատյանը: Օրինակ, նրա փոխանցմամբ, նախորդ շաբաթ «Ազատություն» կուսակցությանն անդամագրվել են 40 երիտասարդներ մարզերից:

Հարցին, թե «Հանրապետություն» կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ի վրա ինչպե՞ս կազդի, նա արձագանքեց. «Եթե այդ հարցը ինձ տայիք վեց ամիս առաջ, կասեի` բացասական, բայց բացասական ազդեցությունն արդեն եղել է, սա կատարված փաստի պարզապես ձեւակերպումն էր»,- ասաց նա:

Իսկ թե մտավախություն չունեն, որ Արամ Սարգսյանը, դուրս գալով ՀԱԿ-ից, ընդդիմադիր ընտրազանգվածին կհամախմբի իր անձի շուրջ, նա բացասական պատասխան տվեց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսի կազմից: Այսօր` մայիսի 18-ին, տեղի է ունեցել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են քաղխորհրդի անդամներն ու տարածքային կազմակերպության ղեկավարները: Միաձայն որոշում է կայացվել դուրս գալ Հայ ազգային կոնգրեսի կազմից:

Մինչ այդ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել էր պատգամավորի իր մանդատը վայր դնելու մասին եւ չէր բացառել ՀԱԿ-ից դուրս գալը:

«Անցած ժամանակահատվածում մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորի, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ, որոնց մասին ազատորեն բարձրաձայնել եմ իմ կարծիքը»,-հայտարարել էր Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը: Դեռեւս քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը, նաեւ նշել, որ իրենց կուսակցությունից ՀԱԿ-ի համամասնական ցուցակում միայն ինքն է լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ