News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հանրապետություն» եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունների ՀԱԿ-ից դուրս գալը չի կարելի ՀԱԿ-ի վերջի սկիզբ համարել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` միայն այն հանգամանքը, որ Կոնգրեսը մտել է խորհրդարան, արդեն նրա կյանքը երկարացնում է առնվազն 5 տարի:

«Ի տարբերություն շատ կուսակցությունների եւ միավորումների, ՀԱԿ-ը 7 մանդատ է ստացել, եւ դա կապահովի նրա գոյությունն առաջիկա առնվազն 5  տարիներին», -ասաց փորձագետը` ավելացնելով, որ «Հանրապետություն» եւ  Հայաստանի լիբերալ կուսակցությունները 1-2 հոգանոց կուսակցություններ են:

Ինչ վերաբերում է երկու կուսակցությունների` ՀԱԿ-ից դուրս գալու փաստին, Մինասյանը նկատեց, որ այդ որոշումները Կոնգրեսի առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի` պատգամավորական մանդատները վերցնելու որոշմամբ էին պայմանավորված:

«Տեր-Պետրոսյանը որոշեց, որ ՀԱԿ-ը ներկայացված լինի նաեւ այդ հարթակում: Դա կարելի է դիտարկել նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում: ՀԱԿ-ի առավել արմատական ուժերին դա դուր չեկավ, ահա եւ արդյունքը»,-նշեց քաղաքագետը` նկատելով, որ շուտով ՀԱԿ-ում կմնան այն ուժերը, ովքեր իրականում կիսում են Տեր-Պետրոսյանի գաղափարները, այլ ոչ թե նրանք, որ Կոնգրեսին միացել էին որպես հիմնական ընդդիմադիր ուժի:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Հանրապետություն» եւ Հայաստանի Լիբերալ կուսակցությունները մայիսի 18 –ին հայտարարել էին ՀԱԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ