News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում աննախադեպ ակտիվացել են եվրոյով կատարվող գործարքները: Արտարժույթի ներբանկային շուկայում անցյալ շաբաթ բանկերի կողմից գնվել է 145,7 մլն եվրո եւ վաճառվել 152,7 մլն եվրո: Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի «Շաբաթական ամփոփ տվյալներ» հաղորդագրության մեջ: Նախապես մեզ թվաց, թե այստեղ տեխնիկական վրիպակ կա, սակայն ԿԲ-ի լրատվական ծառայությունից վերահաստատեցին, որ տվյալները ճիշտ են:

Ի՞նչ է սա նշանակում: Հայաստանի ֆինանսական շուկայում եվրոյով գործարքների ծավալը շաբաթական կտրվածքով միշտ էլ տատանվել է 4-10 մլն-ի սահմաններում: Հետեւաբար` գործարքների 30-անգամյա աճը չէր կարող աննկատ մնալ, ու հարցականններ չառաջացնել: Առավել եւս, որ հենց անցյալ շաբաթ տեղի ունեցավ նաեւ դոլարի կտրուկ արժեւորում, ու կարծես թե` այս երկու գործընթացների միջեւ կա կապ:

Խնդիրն այն է, որ ներքին աղբյուրների հաշվին չէր կարող տեղի ունենալ եվրոյի առաջարկի նման աճ: Սակայն հնարավոր է հետեւյալ սխեման` դրսից եվրոյի հոսք, դրանց փոխակերպում դոլարի հետ, ու դոլարի արտահոսք: Այդ դեպքում զարմանալի չէ, թե ինչու շատ կարճ ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դոլարի նկատմամբ պահանջարկի աժիոտաժ առաջացավ:

Դոլարի ներհոսք կարող էին կազմակերպել Հայաստանում ներկայացված եվրոպական բանկերը, որոնք հնարավոր է` քաջատեղյակ էին եվրոյի անկման անխուսափելիությունից, ու երրորդ երկրներում ըստ հնարավորինս իրականացրել են եվրոյի փոխանակում դոլարի հետ: Սա իհարկե` ենթադրություն է, մենք նույնիսկ չենք կարող պարզել, թե քանի բանկ է մասնակցել մեր ֆինանսական շուկայում եվրոյի ինտերվենցիայի իրականացմանը: Սակայն նաեւ հիմքեր չկան պնդելու, որ Հայաստանը հանկարծ մեկ շաբաթվա ընթացքում բռնեց եվրոյականացաման ուղին, այն էլ այն դեպքում, երբ միջազգային շուկաներում եվրոն թուլանում է ու կորցնում վստահությունն իր նկատմամբ:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ