News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում ընթացող «Բազմազանության շքերթ» անվանումը կրող երթի ընթացքում, Նկարիչների միության մոտից ոստիկական մեքենայով բաժանմունք են տարան մի երիտասարդի, ով հայհոյել էր լրագրողներից մեկին: Այդ երիտասարդը մեկն էր իրենց հայրենասեր համարող խմբից, ովքեր ողջ երթի ընթացքում խոչընդոտում էին ակցիայի անցկացմանը` անվայելուչ արտահայտություններ, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղալով ակցիայի մասնակիցների հասցեին: Նրանք ակցիայի մասնակիցներին անվանել են «գոմիկներ», հայտարարելով, նրանք խայտառակում են ազգը:

Ինչպես ակցիայի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, մինչ այդ երիտասարդները Նկարիչների միության առաջ երգում, բացականչում էին, ակցիայի կազմակերպիչ հ/կ-ների ներկայացուցիչները մասնակցում էին շենքի ներսում կազմակերպված ցուցահանդեսին (ֆոտոռեպորտաժ):

Լրագրողների հետ զրույցում, ակցիային խոչընդոտող երիտասարդները նշեցին, որ եթե Աստված ստեղծել է կին եւ տղամարդ, իրենք իրավունք չունեն սիրելու նույն սեռին: «Սխալ է, ոչ հայեցի, ոչ քրիստոնեական, երբ  տղան սիրում է տղայի, աղջիկն` աղջկա, քանի որ այդ դեպքում վտանգվում է ազգի ապագան: Եթե այդպես են իրենք իրար սիրում, ապա ինչպես պետք է երեխաներ ունենան»,-ասացին նրանք:

Հ/կ-ների ներկայացուցիչները, խուսափելով լարվածությունից, հետնամուտքով հեռացան  ցուցահանդեսից:

Ակցիայի մասնակիցներից Մարո Մարկոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք խաղաղ ակցիա են անցկացնում, մինչդեռ այդ խումբը եկել եւ բռնություն է գործադրում իրենց վրա: Այդուհանդերձ, ըստ Մարկոսյանի, իրենք ամեն տարի պատրաստ են նման ակցիա անցկացնել: Նա դատապարտեց այդ երիտասարդների պահվածքը եւ ակցիայի ժամանակ զանազան հարձակումներն իրենց թեւի ներկայացուցիչների վրա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ողջ երթի ընթացքում պահպանվել է լարված մթնոլորտը, քանի որ երիտասարդները անվայելուչ եւ վիրավորական արտահայտություններ եւ հայհոյանքներ են թույլ տվել «Բազնազանության շքերթ»-ի մասնակից ակտիվիստների հասցեին: Ակցիային խոչընդոտող երիտասարդները ակցիայի մասնակիցներին անվանել են «գոմիկներ», հայտարարելով, թե «Դուք հայ չեք»:

«Բազմազանության շքերթի» ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանների եւ երթի ընթացքը խոչընդոտող մի խումբ երիտասարդների միջեւ: Վերջիններս Նկարիչների միության դիմաց շղթա են կազմել, թույլ չտալով երթի մասնակիցներին մուտք գործել Նկարիչների միություն, որտեղ ցուցահանդես է ընթանում:

Ոստիկանները բացել են ճանապարհը եւ ակցիայի մասնակիցներն անարգել մտել են ներս:

Նշենք, որ «Բազմազանության շքերթի» անցկացումով մեկնարկում է «Բազմազանության շաբաթը», որի ժամանակ տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Միջոցառման կազմակերպիչները հայտարարում են, որ իրենց ակցիան առնչություն չունի նույնասեռականների հետ:

«Թեեւ հայաստանյան հասարակությունը բավականին միատարր է, Հայաստանում են բնակվում նաեւ մարդիկ, ովքեր տարբերվում են մեծամասնությունից սեփական գաղափարներով, աշխարհայացքով, կրոնական եւ ազգային պատկանելությամբ, արտաքին տեսքով, նախընտրություններով եւ այլ անձնային առանձնահատկություններով»,-ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ