NEWS.am-ի տեղեկություններով, ֆիզկուլտուրայի դասին ձախ ազդրի կոտրվածք ստացած եւ հիվանդանոցում մահացած 17-ամյա Մարիամ Մացակյանը Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի բարեկամուհին է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 17-ամյա Մարիամ Մացակյանը Ֆիզկուլտուրայի դասին ստացած ձախ ազդրի կոտրվածքի պատճառով մայիսի 18-ին ժամը 14.00-ի սահմաններում տեղափոխվել է «Աբովյան» բ/կ եւ երկու օր անց մահացել:

«Հստակ չենք կարող ասել, թե պատճառը որն է, կլինիկորեն ճարպային էմբոլիան է, ոսկրածուծի կոտրվածքից ճարպն անցնում է արյան մեջ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Աբովյան» բ/կ-ի ղեկավար Արթուր Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ` մայիսի 20-ին առավոտյան 6-ի սահմաններում ի հայտ է եկել ճարպային էմբոլիան, վիճակը ծանր է եղել, ռեամոբիլով Երեւան տեղափոխել չի հաջողվել:

Արթուր Պետրոսյանը նշել է, որ դա հազվադեպ հանդիպող դեպք է, շատ ծանր բարդություն եւ այստեղ չէր օգնի նաեւ նրան ավելի վաղ բ/կ տեղափոխելը:

Նշենք, որ Մարիամ Մացակյանը Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ է եւ բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի միջնակարգ դպրոցից: Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնում նախաքննություն է սկսել: