News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Շատ քաղաքական ուժեր ուրախ կլինեին, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հարցը քաղաքականացեն, բայց այն չքաղաքականացվեց, քանի որ դա, ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական հարց է:  Այս մասին,  այսօր` մայիսի 22-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը` Սուրեն Զոլյանը:

Նա կրկին նշեց, որ հանրապետությունից իր բացակայության համար իրավունք չունեին նկատողություն տալ, ինչն արեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Սուրեն Զոլյանը նշեց, որ այդ հիմքով ինքը դիմել է վարչական դատարան, որտեղ հայցադիմումը չեն մերժել, պարզապես ասել են, որ դա իրենց հարցը չէ:

Զոլյանի ներկայացմամբ, Աշոտյանը դիմել է դատարան որոշումն անփոփոխ թողնելու համար, քանի որ այդ պահին Զոլյանը ռեկտոր չի եղել, բացի այդ, իր հարցազրույցներից մեկում իրեն ապիկար է անվանել:

Ամեն դեպքում Սուրեն Զոլյանը դիմել է վարչական վերաքննիչ դատարան, որտեղ մինչեւ շաբաթվա վերջ պետք է պատասխան տան: Նա հիշեցրեց, որ Արմեն Աշոտյանն իր հայտարարություններում կողմ է արտահայտվում, որ հարցը լուծվի իրավական հարթության մեջ:

«Բայց ինչպես ասում են գող` սիրտը դող: Հետեւաբար իր հարցազրույցներից մեկում բարձրացնում է իմ ապիկարության հարցը: Այսինքն ինչպես տեսնում եք ես կարող եմ փաստել, որ Աշոտյանը սուտ է ասել եւ ստախոս է: Այն մարդը, ով սուտ է ասում, նրան ստախոս են անվանում»,- նշեց Սուրեն Զոլյանն ու հավելեց. «Այն մարդը ով վախենում է  հանդիպել դատարանում ուրեմն վախկոտ է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, առանց հարգելի պատճառի բացակայել է երկրից,  ոչ պատշաճ կերպով է կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ի պատասխան Սուրեն Զոլյանը մեր թղթակցի հետ զրուցյում հայտարարել էր, թե Արմեն Աշոտյանի հրամանը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն: Նա դիմել է դատարան եւ համոզված է, որ դատարանն անվավեր կհայտարարի այս անհեթեթ հրամանը: Ռեկտորը դիմելու է նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ վերացնի նշված հրամանը  եւ որոշի Արմեն Աշոտյանի  հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ