News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ: Այսօր` մայիսի 22-ին, դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 401.95 դրամ: Դոլարն առաջին անգամ է 2010 թ. ապրիլից հետո բորսայում վաճառվում 400 դրամից բարձր փոխարժեքով: Ընդ որում` նախորդ կայացած նստաշրջանի (մայիսի 18) արդյունքների համեմատ դոլարը միանգամից թանկացել է 2.45 կետով, ինչը մեկ նստաշրջանի ընթացքում վերջին 1.5 տարում ամենաբարձր աճն է:

Բորսայում այսօր գրանցվել է նաեւ մեկ այլ ռեկորդ` առուվաճառքի ծավալը կազմել է 20 մլն դոլար: Ավելի մեծ ծավալով գործարքներ բորսայում կատարվում էին միայն 2009 թ. գարնանային նստաշրջանների ընթացքում, երբ կենտրոնական բանկը փորձում էր ֆիքսել փոխարժեքը: Ակնհայտ է, որ այս անգամ նույնպես ԿԲ-ն արտարժութային ինտերվենցիա է իրականացրել: Նշենք, որ միջազգային շուկաներում մայիսի 18-ից հետո նկատվում է դոլարի դիրքերի որոշ թուլացում եվրոյի նկատմամբ, ինչն այսօր արձանագրվել է նաեւ ռուսական բորսաներում: Ուստի հայկական  ֆինանսական շուկայում ընթացող զարգացումները միջազգային շուկաների ազդակներով պայմանավորված լինել չեն կարող:

Կանխիկ արտարժույթի շուկայում առայժմ պահպանվում են այն փոխարժեքները, որ ձեւավորվել էին երեկ օրվա երկրորդ կեսից: Փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը տատանվում է 400-404 դրամի սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ