News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ընդհանրապես համասեռականության նկատմամբ եւ այլոց դեմ անհանդուրժողականության, իրավապաշտպանների նկատմամբ դրսեւորված որոշակի բռնության կամ անհանդուրժողականության դեպքերը մենք խստորեն դատապարտում ենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց Մարդու Իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը արձագանքելով DIY ակումբի հրկիզմանը եւ դրան հաջորդող իրադարձություններին:

«Նաեւ շատ անընդունելի են տարբեր անձանց դիրքորոշումները, որոնք հնչում են հասարակությունում, ովքեր կամ պաշտպանական կոչերով են հանդես գալիս կամ հավանություն են տալիս բռնություններին եւ այն գործողություններին, որոնք խտրականություն կամ ատելություն են սերմանում տարբեր խմբերի, այդ թվում սեռական, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Որեւէ կերպ չնպաստելով կամ չցանկանալով որոշակի քարոզչության մասնակցել միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ քաղաքակիրթ, քրիստոնյա, Եվրոպական հասարակությունում թշնամանք ու անհանդուրժողականությունը պարզապես անընդունելի է»,- ընդգծեց օմբուդսմենը:

Նա հավաստիացրեց, որ իրենց արագ ահազանգման խումբն ավելի արագ եւ օպերատիվ է արձագանքել DIY ակումբի հրկիզմանը, քան այլ մարմիններ:

«Հիմա մենք ունենք գրավոր բողոք: Այդ բողոքը վարույթում է եւ մենք համապատասխան պետական մարմիններին հարցումներ ենք արել: Իսկ մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ բնականաբար ցանկացած բռնություն դատապարտելի է, բայց տվյալ դեպքում մենք սպասում ենք պետական մարմինների դիրքորոշմանը, թե արդյոք կհիմնավորվի, որ բացի միջանձնային հարաբերություններից եղել են այլ մոտիվներ, շարժառիթներ, որոնցով հանցագործություն կատարած անձիք հարձակում են գործել ակումբի վրա: Եվ, եթե լինեն այլ մոտիվներ, քան ուղղակի միջանձնային հարաբերությունները, որոնք կպատժվեն համապատասխան օրենքով` կլինի մեր ավելի կոնկրետ հայտարարությունը այդ խնդիրների վերաբերյալ»,-նշեց Կարեն Անդրեասյանը:

Հարցին, թե ինչ ելք է առաջարկում ստեղծված իրավիճակում, երբ հասարակությունը բաժանվել է հակամարտող խմբերի, ՊԻ պաշտպանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ թուլացնել այս էսկալացիան, որը կարծում եմ որոշակի առումով նաեւ արհեստածին է եւ երկու կողմերին կոչ եմ անում, որպեսզի դադարեցնեն սրումը` այն իմաստով, որ կա մեր հասարակությունում ագրեսիվ երկփեղկվածություն: Խնդրում եմ երրորդ կողմերին դադարեցնել խտրականության կամ ատելության մեկնաբանություններն ու հրահրումները: Սպասենք, որպեսզի ոստիկանությունը եւ դատախազությունը օրենքի շրջանակներում անեն նորմալ քննություն եւ պատժեն մեղավորներին»:

Հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները, որոնք DIY ակումը հրդեհողներին ազատ է արձակել, իսկ ակումբի վրա 2-րդ եւ 3-րդ հարձակումների փաստի առթիվ քրգործեր չի հարուցել, օմբուդսմենն արձագանքեց. «Մենք գիտենք, որ նախապատրաստման փուլում է: Գործով նաեւ գրավ կա: Այսինքն մեղադրյալների հետ աշխատանք տարվում է: Ես ուղակի ի պաշտոնե իրավունք չունեմ միջամտել նախաքննությանը եւ մենք սպասում ենք ոստիկանության եւ դատախազության գործողություններին»:

Անդրադառնալով Երեւանում «Բազմազանության շքերթի» անցկացմանը եւ այն խոչընդոտող խմբի գործողություններին, Կարեն Անդրեասյանն ասաց. «Ես կարծում եմ, որ հասարակության ցանկացած խումբ իրավունք ունի խաղաղ միջոցներով, երթերով, ցույցերով արտահայտել իր դիրքորոշումները, պատկերացումները, ցանկությունները: Միեւնույն ժամանակ այդ պատկերացումների հետ անհամաձայն մարդիկ էլ իրավունք ունեն քաղաքակիրթ ձեւով իրենց դիրքորոշումները արտահատել: Ես դեմ չեմ, որ հանրապետության տարածքում լինեն տարբեր տեսակի հավաքներ, ցույցեր, երթեր այս կամ այն դիրքորոշումների օգտին, բայց այդ ամենը չպետք է անցնի վայրիության, այլոց բարոյականության, այլոց իրավունքների չարաշահման դաշտ եւ ես կարծում եմ, որ բոլոր խմբերը, որոնք իրենց ազատորեն արտահայտում են մեր քաղաքակիրթ երկրում կկարողանան այնպես դա անել, որպեսզի չխախտեն օրենքը եւ մեր միջազգային պարտավորությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ