News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժառանգությունը» դեռ չի հստակեցրել, թե, ի վերջո, այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվածներից ովքե՞ր են համալրելու նոր գումարման խորհրդարանի իրենց խմբակցությունը: Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, այն կհստակեցվի եւ համապատասխան որոշում կընդունվի «Ժառանգություն» կուսակցության հունիսի 2-ին կայանալիք համագումարում: Այդ մասին «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին շրջանառվող տեղեկություններին, թե՝ կուսակցությունում փորձում են համամասնական ցուցակի թեկնածուներից ինքնաբացարկներ կորզել,  ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ըստ էության, չհերքելով տեղեկությունները:

Հարցին՝ այսինքն, հնարավո՞ր է, որ ընտրությունների արդյունքում թվով  5 մանդատ ստացածների՝ ըստ համամասնական ցուցակի առաջին հնգյակում փոփոխություններ լինեն, Խուրշուդյանն արձագանքեց՝ «ամեն ինչ հնարավոր է»: Կուսակցության մամուլի խոսնակը, ի պատասխան հարցադրմանը, հավելեց նաեւ, թե համագումարում քննարկվելու է «Ժառանգության» թեկնածուների հարցը, իսկ ինչ  վերաբերում է համամասնական միասնական ցուցակում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրվածների հնարավոր ինքնաբացարկներինն, ապա Խուրշուդյանը դժվարացավ նրանց վերաբերյալ որեւէ բան ասել:

«Մեր տեղեկություններով, այս օրերին «Ժառանգությունում» նաեւ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում հայտնված հանրային սեկտորի ներկայացուցիչ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանին է առաջարկվել ինքնաբացարկ հայտնել, բայց նա հրաժարվել է: Ինքը՝ տիկին Աբգարյանը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրեն առաջարկվել է ինքնաբացարկ հայտնել, բայց հերքեց, թե հրաժարվել է դա անելուց: Բլոգերն ասաց, թե ժամանակին «Ժառանգությունն» ինքն էր իրեն առաջարկել ընդգրկվել կուսակցության համամասնական ցուցակում, եւ ինքը համաձայնել էր, ու հիմա, երբ առաջարկվել է ինքնաբացարկ հայտնել, ինքը ճիշտ է համարել  դա անել: Նա ասաց, թե ինքն այսպես, թե այնպես խորհրդարան չի անցել եւ ինքնաբացարկ հայտնելն այդ իմաստով ոչինչ էլ չէր նշանակում: Իզաբելլա Աբգարյանը հավաստիացրեց, թե ինքը շարունակում է «Ժառանգության» հետ լավ հարաբերություններ ունենալ, ու մտադիր է շարունակել համագործակցությունն այս քաղաքական ուժի հետ:

Մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Ժառանգությունը» խորհրդարանում ստացել է 5 տեղ, եւ ըստ համամասնական ցուցակի հերթականության՝ ԱԺ-ում մանդատներ են ստանալու Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Ռուբիկ Հակոբյանը: Ըստ որոշ տեղեկությունների, չի բացառվում, որ ինքնաբացարկ հայտնի կամ հայտնողներից մեկը լինի հենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ԱԺ դեռ գործող խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, իսկ համամասնական ցուցակում 8-րդ հորիզոնականում հայտնված Ստեփան Սաֆարյանի՝ կրկին խորհրդարանում հայտնվելու համար անհրաժետ է լինելու, որ բացի Րաֆֆի Հովհաննիսյանից ինքնաբացարկ հայտնեն նաեւ ցուցակի 6-րդ տեղում հանգրվանած Թեւան Պողոսյանն ու ազատ-դեմոկրատ Մասիս Այվազյանը: Հիշեցնենք, սակայն, որ ազատ դեմոկրատներն արդեն առիթ ունեցել են հայտարարելու, որ իրենք մանդատներից հրաժարվելու խնդիր չեն քննարկում»,- գրում է  «Առավոտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ