News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսից այս կամ այն կառույցի դուրս գալն իրական գործընթացների արտացոլումն է, որոնք տեղի են ունենում Կոնգրեսում, ընդ որում վաղուցվանից: Այս մասին, այսօր` մայիսի 23-ին, մամուլի ասուլիսում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով «Հանրապետություն» եւ «Հայաստանի լիբերալ կուսակցությունների դուրս գալը ՀԱԿ-ի կազմից: Միաժամանակ նա ասաց, որ այդ փաստն առանձնապես չի ազդի ՀԱԿ-ի վրա:

Իսկանդարյանի խոսքով, ՀԱԿ-ը, ինչպես նաեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, մոնոլիտ կառույցներ չեն, որոնց ներսում կա մրցակցություն, որը եղել է նաեւ ընտրություններից առաջ:

Իսկանդարյանը ենթադրում է, որ որոշում է եղել մինչեւ ընտրություններ չցուցադրել ՀԱԿ-ի ներսում առկա տարաձայնությունները, քանի որ պետք էր լուծել ընդհանուր խնդիրը` առավելագույն ձայներ հավաքել ընտրություններում: Ընտրությունների ավարտից հետո, ըստ նրա, այդ տարաձայնությունները ելան ջրի երես:

Քաղաքագետի ներկայացմամբ, ՀԼԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության հեռացումով ՀԱԿ-ի կառուցվածքը չի փոխվի, քանի որ նրանք չէին ներկայացնում Կոնգրեսը:

«ՀԱԿ-ը ստեղծվել է որպես նախընտրական բլոկ, որովհետեւ ՀՀՇ-ի ղեկավարի կողմից, ամենայն հավանականությամբ, որոշում էր կայացվել, որ տեխնիկապես այդպես ավելի ճիշտ է: Իրականում, ՀԱԿ-ն այնքան էլ չի տարբերվում Հայաստանի մյուս քաղաքական ուժերից: Որքան ձայն կհավաքեր ՀԱԿ-ը, եթե այնտեղ չլիներ երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»,-ասաց Իսկանդարյանը` հավելելով, որ այդ հարցի պատասխանն ակնհայտ է: «ՀԱԿ-ի կառուցվածքը մնում է նույնը, իսկ տարաձայնություններն ու պառակտումները այնտեղ կշարունակվեն, ինչպես մյուս կուսակցություններում»,-ամփոփեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրապետություն» կուսակցությունն ու Հայաստանի լիբերալ կուսակցությունը մայիսի 18-ին հայտարարությամբ դուրս են եկել ՀԱԿ-ի կազմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ